Արցախի ՀՀ տեղափոխված 18 տուժած 7-ը քաղաքացիական անձ է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 27-ի, ժամը 21:00-ի դրությամբ Արցախի Հանրապետությունից Հայաստանի տարբեր բժշկական կազմակերպություններ են տեղափոխվել 18 տուժած, որից 7-ը` քաղաքացիական անձ, իսկ 11-ը` զինծառայող: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մեծ մասի մոտ առկա են տարբեր աստիճանի բեկորային վնասվածքներ:
Վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են տարբեր. 9-ը` բավարար, 3-ը` միջին ծանրության, 2-ը` ծանր, 2-ը` ծայրահեղ ծանր, 1-ը` հետազոտման փուլում, 1-ն էլ դուրս է գրվել:
«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարականով տարբեր ուղղություններով աշխատանքներ են տարվում: Առողջապահության համակարգի մարդկային և տեխնիկական ռեսուրսները ծառայում են մարտական գործողությունների արդյունքում տուժածների բժշկական օգնությունն ու սպասարկումն ապահովելու համար»,- հայտնում են ԱՆ-ից։
Հիշեցնենք՝ այսօր ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով, թիրախավորել նաև բնակչությանը։