«Սա դիրքային կռիվ չէ, գոյամարտ է. այլ տարբերակ, քան հաղթելն է, չունենք». Արսեն Գրիգորյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀինգերորդ օրն է, ինչ արցախա-ադրբեջանական սահմանին թեժ մարտերը շարունակվում են: Զինվորները սխրանքներ են գործում, ամուր պահելով հայրենիքի սահմանները, այդ առաքելության համար, ցավոք, երբեմն զոհում են ամենակարևորը՝ իրենց կյանքը:
Երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, ասում է, որ այս օրերին ամենակարևորը պետք է միասնական լինել: «Կեցցե՛ մեր ժողովուրդը: Ամբողջ աշխարհի հայությունը ցույց տվեց, որ միասնական է: Այսօր զինվորը զգում է, որ իր թիկունքում հսկա ժայռ կա, նա գիտակցում է, որ իր կռիվը, իր մարտնչելն իմաստավոր է: Մենք միշտ խոսել ենք՝ իբրև գաղափարախոսություն և տեսություն այն մասին, որ մեր ուժը մեր միասնականության մեջ է: Եվ այսօր մեր իրական հողի վրա մենք ցույց ենք տալիս, որ միասնական ենք և այլ տարբերակ, քան հաղթելն է, չունենք: Եվ հաղթելու ենք: Իմ տղան էլ է զինվոր, մասնակցում է մարտերին: Ես էլ եմ այս պահին Արցախում: Պետք է միասնական լինենք, միասնաբար գործենք, յուրաքանչյուրը պետք է անի ամենն, ինչ կարող է: Սա դիրքային կռիվ չէ, սա գոյամարտ է: Միասնական ենք և այդպիսին էլ մնալու ենք»,-Past.am-ի հետ զրույցում ասաց Արսեն Գրիգորյանը:
Լուսինե Առաքելյան