«Հայ ժողովրդի կամքը կոտրել հնարավոր չէ». Ներսիկ Իսպիրյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊատերազմ Արցախում: Օր հինգերորդ: Հայկական զինուժը շարունակում է խոցել թշնամուն՝ ստիպելով փախչել մարտի դաշտից: Ռազմադաշտից հայ զնիվորների սխրանքների մասին տեղեկատվությունը հպարտանալու առիթներ է տալիս թիկունքում պայքարը շարունակող մեր քաղաքացիներին: Իսկ թիկունքը ևս ապացուցում է՝ ամուր է, անսասան, տղամարդիկ չեն սպասում զինկոմիսարիատների ծանուցումներին, կամավոր են ներկայանում և վստահեցնում՝ պատրաստ են մեկնել Արցախ: Բժիշկները ևս սխրանքներ են գործում՝ փրկելով վիրավոր զինվորների կյանքը: Այս միասնությունը ոգևորող է, չէ որ միայն միասնական լինելու պարագայում է հնարավոր լիակատար հաղթանակ տոնել: Իսկ մենք արդեն հաղթում ենք:
Հայրենասիրական երգերով հայտնի երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանը ևս շատ է կարևորում մեր ժողովրդի միասնականությունը և հպարտանում է, որ այսօր՝ մեր պետության համար կարևոր այս օրերին, տեսնում է մարդկանց համախմբվածությունը:
«Բանակն ամուր կանգնած է իր տեղում, մեր ժողովուրդն էլ, երևի թե, այսքան համախմբված չէր եղել: Մեր ժողովրդի համար սա, կարծես թե, Սարդարապատի հերոսամարտը լինի: Մայր ու մանուկ բոլորը միահամուռ կանգնած են հայրենիքի կողքին, այս հողը հաղթել հնարավոր չէ, ժողովրդի կամքը կոտրել հնարավոր չէ: Բոլորն էլ պատրաստ են պատերազմ մեկնելու, թող ամբողջ աշխարհը դա իմանա: Աշխարհն էլ է տեսնում, թե որքան համախմբված է հայ ժողովուրդը: Այսօր 80 միլիոն բնակչություն ունեցող Թուրքիան է ոտքի կանգնել և չի կարողանում երկու միլիոնանոց ժողովրդի ողնաշարը կոտրել: Աշխարհը գիտի, տեսնում է, թե ինչ է կատարվում: Ուղղակի Թուրքիան շարունակում է իր պանթյուրքիզմի գաղափարախոսությունն առաջ տանել, շատերի «բերանը փակել», բայց չի հաջողելու: Դա երբեք իրականություն չի դառնալու»,-Past.am-ի հետ զրույցում ասաց Ներսիկ Իսպիրյանը:
Լուսինե Առաքելյան