Մեր կողմից այն հրթիռային հարվածները, որ հասցվում են խոշոր քաղաքներում տեղակայված թշնամու ռազմական օբյեկտներին, դեռ հրապարակման ենթակա չեն. Վահրամ Պողոսյան
ԲԼՈԳԲացառված է, որ մենք թիրախավորենք ադրբեջանական խաղաղ բնակչությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Մի պարզ պատճառով, որովհետև մենք թուրք չենք, բայց գիտենք ոնց կարելի է ջարդել նրանց ահաբեկչական բանակին։
Իսկ մեր կողմից այն հրթիռային հարվածները, որ հասցվում են խոշոր քաղաքներում տեղակայված թշնամու ռազմական օբյեկտներին, դեռ հրապարակման ենթակա չեն։ Պատերազմից հետո, եթե կուզեք մի ամբողջ սերիալ կցուցադրենք։ Ընդամենը կարող եմ ավելացնել, որ դրանց հետևանքով ոչ միայն վնասազերծվել են թշնամու ռեզերվային մեծաքանակ ուժեր, այլև արդեն 2 օր է դեպի Բաքու ձգվող մայրուղիներում մեծածավալ խցանումներ են։
Հ.Գ.
Հուսով եմ, չեք ենթադրում, որ դեպի ճակատ են գալիս»,- գրել է Պողոսյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ խոսնակը հայտնել է, որ Հակառակորդը հրթիռակոծում է Ստեփանակերտը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։