Հակառակորդի այս կազմի հետ գործում են նաեւ ոչ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ. Արծրուն Հովհաննիսյան
ՎԻԴԵՈՍտեփանակերտի այսօրվա հրթիռակոծությունից կան տուժածներ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, մամուլի ասուլիսին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Այսօր վաղ առավոտվանից նորից սկսվեց Ստեփանակերտի հրթիռակոծությունը, շարունակում են հրթիռակոծել քաղաքը, բնակելի թաղամասերը, շինությունները, ենթակառուցվածները։ Կան տուժածներ եւ վիրավորներ»,- նշեց նա։
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ առավոտվա տվյալներով ադրբեջանական զինված ուժերի կորուստները կազմում են 300 զոհ, 11 զրահատեխնիկա, 2 ուղղաթիռ եւ 2 ԱԹՍ։
«Ցերեկվա ժամերին նորից թեժացան մարտերը հատկապես հարավային ուղղությամբ, հակառակորդը նորից լայնածավալ հարձակման փորձեր կատարեց՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, հետեւակ, շարժական խմբեր եւ այս կազմի հետ գործում են նաեւ ոչ Ադրբեջանի զինված ուժերի ենթակայությամբ գործող զինծառայողներ»,- նշեց նա։
Անդրադառնալով առաջնագծում այս պահի իրավիճակին՝ Արծրուն Հովյաննիսյանը նշեց․ «Մեր զորքերը, ինչպես հաճախ, միայն պաշտպանական մարտեր չեն վարում, հաճախ մենք իրականացնում ենք նաեւ այլ տիպի զորաշարժեր, որոնց բնույթը եւ հաջողություններն ու արդյունքները շատ հաճախ այդ պահին չենք արձանագրում, այլ ավարտից հետո»։
Հիշեցնենք, որ համեմատաբար խաղաղ գիշերվանից հետո հակառակորդը կեսօրին վերսկսել էր Ստեփանակերտի հրթիռակոծությունը։