Իմ ուսանողուհիները կանանց ջոկատ են կազմում, դա է հաղթանակին միտված ուղիղ քայլը․ Արծրուն Հովհաննիսյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄեր գոյության այս ծանր պատերազմում հաղթանակը այլընտրանք չունի, սակայն հաղթանակը հեշտ չի տրվելու, այն ծանր է ու կախված է յուրաքանչյուրիցս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Ամեն մեկիցս առանձին ու անհատական է կախված հաղթանակը։ Ամեն մեկս պիտի հարց տանք, թե ինչ ենք արել հաղթանակի համար։ Ամեն օր պիտի ինքներս մեզ հարց տանք։ Սիրելի եղբայրներ, ավտոմեքենայի վրա ՀՀ եռագույնը գցելով ու հայրենասիրական երգի բարձր ձայնով Երևանում քշելով չեք նպաստում հաղթանակին։
Իմ ուսանողուհիները կանանց ջոկատ են կազմում, դա է հաղթանակին միտված ուղիղ քայլը։ Նարի Սյունին կոնկրետ քայլ է անում հաղթանակի համար։
Երեկ մի գեղանի օրիորդ լացակումաց ինձ աղաչում էր որ իրեն մահապարտի հանձնարարություն տայի։ Այդ հայուհուն արժանի երիտասարդներ եղեք։ Վեր կացեք և քայլ արեք մեր գոյության պատերազմի համար։ 18-25 տարեկան զինվորներն ու սպաները արդեն 20 օր բոլորիս համար արհամարհում են մահը, արժանի լինենք նրանց»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 16-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 21 ինքնաթիռ, 181 անօդաչու թռչող սարք, 552 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 5839 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 633 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 33 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։