ՄԱԿ-ի ԱԽ փակ նիստում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը. Մանրամասներ՝ նիստից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմին ապահովման անհրաժեշտության հարցը: Այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:
Նշենք, որ ժամեր առաջ ՄԱԿ-ի ԱԽ-ն փակ նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը:
«Հիմա անհրաժեշտ է ապահովել կրակի դադարեցումը: Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել, սակայն չի կատարվել: Գլխավոր հարցը մնում է այն, թե ինչպես պետք է վերահսկել այն»,-ասել է ռուս դիվանագետը:
«Այդ հարցն, իրհարկե, քննարկվել է խորհրդակցության ժամանակ ու Խորհուրդը միասնական է եղել մոտեցումներում»,-ասել է նա:
Նեբենզյան միևնույն ժամանակ նշել է, որ տարածաշրջան ՄԱԿ-ի դիտորդներ ուղարկելու համար անհրաժեշտ կլիներ ԱԽ մանդատ, ինչն արագ անել հնարավոր չէ. «Հաղորդագրություն է եղել այն մասին, որ Ռուսաստանի Պաշտպանության նախարարը քննարկում է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերների հետ, թե ինչպես կարելի է այդ վերահսկողությունն իրականացնել»:
Դիվանագետը չի բացառել, որ դիտորդական առաքելությունը կարող է իրականացնել ԵԱՀԿ-ն, մանավանդ որ հենց այդ կազմակերպությունն է զբաղված հակամարտության կարգավորմամբ. «Թե ով այնտեղ կլինի, քանի հոգի կլինեն, դեռ հարց է, որը քննարկվում է»: