«Դա ճիշտ է». Էրդողանը հաստատել է ռուսական С-400 համակարգերի փորձարկման լուրը՝ ընդգծելով, որ «Թուրքիան չի շարժվելու ԱՄՆ-ի թելադրանքով»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է ավելի վաղ լրատվամիջոցներում տարածված ենթադրությունն առ այն, որ Թուրքիան փորձարկել է Ռուսաստանից գնված С-400 զենիթահրթիռային համակարգերը:
Ինչպես հայտնում է Ahval-ը, նա այս մասին ասել է ուրբաթ Ստամբուլում աղոթքից հետո:
«Դա ճիշտ է: Այդ փորձարկումներն անցկացվել են և անցկացվում են»,-ասել է Թուրքիայի ղեկավարը:
Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից այս առնչությամբ քննադատությանը՝ Էրդողանն ասել է, որ Անկարան չի շարժվելու Վաշինգտոնի թելադրանքով:
«Այս պարոններն անհանգստացած են, քանի որ դա ռուսական զենք է: Բայց մենք վճռական ենք ու կշարունակենք այն, ինչ անում ենք»,-ասել է նա:
ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ ռուսական համակարգերի ակտիվացումը կվնասի ՆԱՏՕ-ի պաշտպանությանն ու Ռուսաստանին կարող է հնարավորություն տալ տեղեկության հավաքել ամերիկյան ռազմական ոլորտի վերաբերյալ: