Ադրբեջանը կրակի դադարեցման ցանկություն չունի, պատերազմը շարունակվելու է․ Արծրուն Հովհաննիսյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանը կրակի դադարեցման ցանկություն չունի, չնայած վերջին օրերին Ալիևն այդ մասին հայտարարություններ է անում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Ես նշել եմ, թե պատերազմն ինչ աստիճանի է, ինչ խնդիր են դրել Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի հետ համատեղ։ Դուք տեսաք րոպեներ առաջ Թուրքիայի նախագահի հայտարարությունը։ Եթե սա հայության լինելության, մեր պետականության, մեր ազգի գոյապայքարն է, հետևաբար, մենք կարող են պատասխանել, թե ինչ է նշանակում մեր հաղթելը։ Հաղթելը նշանակում է մեր անվտանգությունը, երկրորդ անգամ ցեղասպանություն թույլ չտալը։ Հաղթելը նշանակում է հակառակորդին զինված ուժերի խնդիրներից զրկելը»,- նշեց նա։
Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ վերջին շրջանում եղան հետաքրքիր հայտարարություններ, որոնցից ամենակարևորը թերևս Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունն էր՝ կապված իր եղբայր Ալիևի և իր նկատմամբ ճնշումների հետ։
«Օրվա ընթացքում և երեկ Ադրբեջանի նախագահը մի քանի անգամ հայտարարել է, որ նա իբր պատրաստ է դադարեցնել կրակը։ Ամեն անգամ պատասխանատվությունն իր վրայից գցելու հայտարարությունները հստակ ցույց են տալիս, որ Ադրբեջանը բացարձակ կրակի դադարեցման որևէ ցանկություն չունի, շարունակելու է մարտական գործողությունները։ Հետևաբար, շարունակվում է պատերազմը՝ մեր լինելության և գոյապայքարի պատերազմը»,- հավելեց նա։