Վերջին անգամ սեպտեմբերի 25-ի առավոտյան եմ զրուցել եղբորս հետ, ընկերներն ասել են, որ ինքը զոհվել է, բայց դին չկա. անհետ կորած զինծառայողների ծնողները ՊՆ–ի դիմաց են
Անդրանիկ Քոչարյանը իմ հետ 45 օր առաջ հանդիպեց և ասաց, որ պետք է այս հարցին շտապ լուծում տալ ու այսօր՝ 45 օր անց, նորից ասում է, որ հանձնաժողով է կազմվում. Պաշտպանության նախարարության դիմաց ասաց անհետ կորած զինծառայողի ծնողը՝ նշելով, որ տարբեր կառույցների են դիմել, սակայն ոչ մի տեղից տեղեկություն չեն տրամադրել իրենց:
«Գնդապետ Ոսկանյանը եկել ասում է՝ քարտեզի վրա գծում ենք, պարո՛ն գնդապետ Ոսկանյան, մենք քեզ ասացինք, որ օրինակ՝ Ջաբրաիլի 5-րդ գումարտակի սպաներին հանել են դիրքեր, բայց իրենք թողել իջել են, և 400 երեխան մնացել է առանց սպա: Այդ գումարտակը չկա, այդ զինվորներից ոչ մեկը չկա, մենակ սպաները կան, Էլ ո՞նց բացատրենք: Իրենք ասացին, որ սպաներն այսինչ տեղում են, գնացել ենք, տեսել ենք, գնացեք բերեք սպաներից հարցրեք՝ ո՞ւր են տարել երեխաներին թողել»,– ասաց նա:
Կամավորագրված և անհետ կորածի քույրը նշում է, որ իր եղբայրը սեպտեմբերի 30-ին զոհվել է, սակայն դին չկա:
«Ես վերջին անգամ սեպտեմբերի 25-ի առավոտյան եմ զրուցել եղբորս հետ, իր հետ եղող կամավոր ընկերներն ասել են, որ ինքը զոհվել է: Հայրիկիս մահվան դեռ 40 օրը չէր լրացել, եղբայրս կամավորագրվեց: Այսօր ես Ռազմական ոստիկանությունում եմ եղել, խոսել, Ջաբրաիլի կամավորների գործով պատասխանատուի հետ ասում է՝ սպասեք ԴՆԹ-ի պատասխանին: Եղբայրս «Ուրալի» մեջ է եղել, տրաքել է, ասում են՝ մոխիրը հնարավոր է՝ քամին տարել է, ասում է՝ հետո գրանցելու ենք անհետ կորածների մեջ: Ես 50 օր է՝ գնում եմ Կարմիր Խաչ, Ռազմական ոստիկանություն, Ռուսաստանի դեսպանություն, սակայն տեղեկություն չեն տրամադրում»,- նշեց քույրը:
Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը դուրս գալով Պաշտպանության նախարարությունից նշեց, որ այսօր՝ 19:00, հանդիպում կկայանա ծնողներից 25–ի և վարչապետի հետ:
Նշենք, որ ժամեր առաջ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը և «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը հանդիպեցին ծնողների հետ նշելով, որ վարչապետի հետ խորհրդակցություն է եղել, որոշում է կայացվել, որ փոխվարչապետի գլխավորությամբ միջգերատեսչական հանձնաժողով ձևավորվի, որը պետք է զբաղվի անհետ կորած զինծառայողների հարցերով: Սակայն ծնողները նշեցին, որ ցանկանում են հանդիպել պաշտպանության նախարարի և Անվտանգության Խորհրդի քարտուղարի հետ: