Հացադուլ կանենք այնքան ժամանակ, մինչև հասնենք արդյունքի. Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ Գեղամ Մանուկյանը և Կիմ Բալայանը շարունակում են անժամկետ հացադուլը (տեսանյութ)
ՎԻԴԵՈՓաշինյանի հրաժարականի պահանջով՝ Գեղամ Մանուկյանը և Կիմ Բալայանը շարունակում են անժամկետ հացադուլը:
Նշենք, որ ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանն ավելի վաղ հայտնել էր Փաշինյանի հրաժարականի և նրան պատասխանատվության ենթարկելու պահանջով հացադուլ սկսելու մասին:
Կառավարության մոտ Tert.am-ի հետ զրույցում ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն ասաց, որ անժամկետ հացադուլը շարունակելու է, մինչև Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Հարցին՝ իսկ եթե Փաշինյանը հրաժարական չտա՞, Մանուկյանն արձագանքեց, չի սիրում «եթե»-ներով խոսել, քանի որ պատմությունն էլ «եթե»-ներ չի սիրում:
Նա նշեց, թե բազմաթիվ քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ են մոտեցել. «Դա շատ ավելի կարևոր է, քան պատկան մարմինները»,-նշեց նա: Հարցին՝ նրանց մեջ եղե՞լ են իշխանության ներկայացուցիչներ, Մանուկյանն արձագանքեց՝ ոչ:
Անդրադառնալով հարցին՝ իրեն չե՞ն հորդորել հետ մնալ հացադուլի մտքից և պայքարի այլ ուղի ընտրել, Մանուկյանն արձագանքեց, թե եղել են առաջարկներ, կոչեր, բայց որոշումը որոշում է: «Բազմաթիվ գործեր կան, բայց կարծում եմ՝ տվյալ դեպքում այս քայլը ճիշտ է»,-ասաց նա:
ՀՅԴ անդամը նշեց, թե երեկ դաշնակցական կամավորականների վաշտ է վերադարձել Արցախից, որոնց մի մասի հետ հանդիպել է ինքը:
«Ցավալիորեն, ոչ բոլորը վերադարձան, ունեցանք զոհեր, վիրավորներ, բայց իրենք՝ իրենց երդմանը հավատարիմ, եղան մարտական դիրքերում, ազատագրեցին կարևոր ռազմավարական բարձունք և մինչև վերջին պահը եղան՝ որտեղ պետք է, ոչ թե մասնակցեցին վարչապետական շոուներին»,-ասաց նա: