Վերջ, էլ մի լացեք, ամեն ինչ վերջացավ. վերադարձած գերիները արդեն հանդիպում են հարազատներին
ՎԻԴԵՈՆախօրեին Բաքվից Երեւան տեղափոխված գերիները բուժզննում են անցնում Կանազի զինվորական հոսպիտալում։ Հոսպիտալի բակն այսօր վաղ առավոտից մարդաշատ էր, գերիների ծնողները, հարազատները, ընկերները, որոնցից շատերն անակնկալի էին եկել կեսգիշերին ցուցակում իրենց հարազատի անունը գտնելուց, եկել էին նրանց տեսակցության։
Անահիտ Սարգսյանը եղբոր՝ Արեգ Սարգսյանի վերադարձի լուրը նույնպես ստացել է կեսգիշերին, Գեղարքունիքի մարզից շտապել է Երեւան։
«Անակնկալ էր մեզ համար։ Միայն գիտեինք, որ գերիներ են գալու, հույզերով սպասում էինք։ Երեկոյան խոսել եմ հետը, ասում էր՝ վերջ, էլ մի լացեք, ամեն ինչ վերջացավ»,– NEWS.am-ի հետ զրույցում նշեց Անահիտը։
Անահիտի եղբայրը՝ Արեգը, ժամկետային զինծառայող է, գերեվարվել է հոկտեմբեր ամսվա սկզբին։ Վերջին անգամ ընտանիքը նրանից զանգ էր ստացել հոկտեմբերի 2-ին։
«Հոկտեմբերի 7-ին արդեն ադրբեջանական կայքերի տարածած տեսանյութերում տեսանք իրեն, դիմեցինք Կարմիր Խաչ, որից հետո մի անգամ ինքը զանգեց, հետո նամակներով էինք կապի մեջ։ Միշտ գրում էր, ասում էր՝ լավ եմ, մի մտածեք։ Ոչ մի վայրկյան իմ հույսը չեմ կտրել, որ եղբայրս գալու է»,– նշեց նա։
Հոսպիտալի բակում էին հավաքվել նաեւ անհետ կորածների ծնողները, որոնք փորձում էին վերադարձած տղաներից լուր ստանալ այնտեղ մնացած մյուս գերիների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ նախորդ երեկոյան ռուսական կողմի ջանքերով Բաքվից Հայաստան տեղափոխվեց 44 գերի՝ զինվորականներ և քաղաքացիական անձինք։