Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՄեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
- Հիմա ի՞նչ իրավիճակ է Հին Թաղերում և Խծաբերդում:
- Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ: Կապի խնդիր կա, որովհետև տեղանքի բերումով, նաև իրադարձությունների բերումով հաղորդակցության որոշակի խնդիրներ կան, ընդորում՝ այդ խնդիրներն ունեն նաև ռուս խաղաղապահները, և այնտեղ որոշակի ճգնաժամային իրավիճակ ունենք մենք:
- Ստանում ենք տարբեր տեղեկություններ նոր գերիների մասին Հադրութ-Շուշի հատվածից, արդյոք իսկապե՞ս կան նոր գերիներ:
- Այո, այդ տեղեկատվությունը կա, բայց, էլի, ուզում եմ ասել, որ սա այդ նույն իրադարձության շրջանակում է, այսինքն դրանք ոչ թե տարբեր հատվածներում տեղի ունեցող տարբեր իրադարձություններ են, այլ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում տեղի ունեցող իրադարձությունների շրջանակում են:
- Իսկապե՞ս այս իրավիճակում տրամաբանական չէ, որ օրինակ՝ լինի փոփոխություն գոնե վարչապետի:
- Հարցն այն չէ, թե վարչապետը հեռանա, թե չհեռանա, հարցն այն է, թե ո՞վ է որոշում, թե ով է Հայաստանի Հանրապետությունում վարչապետը: Ժողովուրդը պետք է իր ընտրությամբ որոշի, արտահերթ ընտրությունները չեն կարող լինել միայն իմ կամքով և որոշմամբ, դրա շուրջ պետք է ձեռք բերվի համաձայնություն:
- Դուք բոլորին մեղավոր եք համարում բացի ձեզնից, ի վերջո, Դուք եք այս իրավիճակում երկրի ղեկավարը և պատասխանատվություն, ասում եք, ստանձնում եք, բայց մեղադրանքներն ուղղում եք այլ ուղղություններով: Ո՞րն է Ձեր մեղքը, պարոն վարչապետ:
- Շատ լավ, ես ասում եմ՝ ես ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը։