«Մեզ պատժամիջոցներով սպառնացողներն ի վերջո կհիասթափվեն»․ Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆրանք, ովքեր Թուրքիային սպառնում են պատժամիջոցներով, ի վերջո կհիասթափվեն, նախօրեին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Ekathimerini թերթը։
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան «իր ինքնիշխան իրավունքների օգտագործման հարցում երբեք չի սասանվի»։
«Նրանք փորձել են Թուրքիային սպառնալ բոլոր միջոցներով, ինչպիսիք են՝ ահաբեկչական խմբավորումների օգտագործումը, հեղաշրջման փորձերը, քաղաքական և տնտեսական թակարդները, պատժամիջոցները։ Փառք Աստծո, մինչ օրս նրանց ոչինչ չի հաջողվել»,- ասել է նա։
Էրդողանը նաև նշել է, որ իր երկիրը պատրաստ է համագործակցել այն երկրների հետ, ովքեր հարգալից և արդարացի վերաբերմունք կդրսևորեն։
ԱՄՆ-ի իշխանությունները դեկտեմբերի 14-ին հայտարարել են «Պատժամիջոցներով Ամերիկայի հակառակորդների հակազդման մասին» (CAATSA) օրենքի շրջանակում Թուրքիայի Պաշտապանական արդյունաբերության վարչության, դրա ղեկավարի և հանրապետության ևս երեք քաղաքացիների՝ Մուստաֆա Ալփեր Դենիզի, Սերհաթ Գենչօղլուի և Ֆարքութ Յիգիթի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին։
«Թուրքիան տարածաշրջանային անվտանգության ոլորտում Միացյալ Նահանգների արժեքավոր դաշնակիցն ու կարևոր գործընկերն է, և մենք ձգտում ենք շարունակել պաշտպանական ոլորտում արդյունավետ համագործակցության մեր բազմամյա պատմությունը՝ հնարավորինս արագ վերացնելով C-400-ի հետ կապված խոչընդոտը»,- ասված է Պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունում։
Ռուսական նորագույն С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը, չնայած Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում այդ պատճառով ի հայտ եկած ճգնաժամին, մեկնարկել է 2019թ.-ի հուլիսի կեսերին: Վաշինգտոնն Անկարայից պահանջել էր հրաժարվել ռուսական ՀՕՊ համակարգերը ձեռք բերելուց և փոխարենը գնել ամերիկյան արտադրության Patriot համակարգեր՝ սպառնալով կասեցնել կամ ընդհանրապես դադարեցնել ամերիկյան նորագույն F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային: Այս ամենը, սակայն, Անկարային հետ չի պահել, և վերջինս շարունակել է բանակցությունները ռուսական կողմի հետ՝ С-400-ների լրացուցիչ խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ: