Հրապարակվել են այնպիսի տվյալներ, որոնք օր առաջ և ամենայն խորությամբ պետք է քննության առարկա դառնան․ Միքայել Համբարձումյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՉեմ ուզում այս պահին անդրադառնալ իմ հայտարարությանը և ինչ-որ փաստեր, իրադարձություններ կամ հանգամանքներ նկարագրել։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ինքը խոսել է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ընդդիմադիրներին քաղաքական հետապնդման ենթարկել։
«Չեմ ուզում անդրադառնալ իմ հրաժարականի պահանջներին, միայն կարող եմ ասել, որ նախատեսում եմ առաջիկայում ասուլիս տալ։ Իհարկե, ձեռնպահ եմ մնալու նեղ անձնական խոսակցությունները կամ հանգամանքները ներկայացնելուց, որովհետև այն կարծիքին եմ, որ անվտանգության աշխատակիցը չպետք է ներկայացնի այն տեղեկությունը, որն իրեն հասու է դարձել ծառայողական պարտականությունները կատարելիս, իսկ այն հարցերը, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանը և որի մեջ ես սպառնալիք եմ տեսել, այդ հանգամանքների մասին անպայման կխոսեմ»,-հայտարարեց նա։
Դիտարկմանը, թե պահեստազորի սպաները հանդես են եկել հայտարարությամբ, որ պետք է ուսումնասիրվի այն տեղեկությունը, որ պայմանավորվածություններ են եղել Նիկոլ Փաշինյանի և հակառակորդ պետության ղեկավարի՝ Ալիևի միջև, Համբարձումյանն արձագանքեց, թե մնում է իր կարծիքին։
«Լիարժեք կիսում եմ իմ գործընկերների մտահոգությունը, հրապարակվել են այնպիսի տվյալներ, որոնք օր առաջ և ամենայն խորությամբ պետք է քննության առարկա դառնան։ Նույնիսկ պատրաստ եմ ինքս՝ որպես փորձառու քննիչ կամ քննչական խմբի ղեկավար, համապատասխան լիազորություններով օժտվելու դեպքում իրականացնել նախաքննություն, որովհետև դա այս պահի դրությամբ ինձ ամենամտահոգող հարցն է»,-ասաց նա։