Ինչ է պատահել. Պուտինի անսպասելի ուղերձը Սերժ Սարգսյանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Նոր տարվա կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի գործող ղեկավարներին, ինչպես նաեւ մի շարք երկրների նախկին ղեկավարների:
Ահա այդ ուղերձների թվում աչքի է ընկնում մեկը, որը հասցեագրված է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին
Պաշտոնաթողությունից հետո Սարգսյանն ու Պուտինը միմյանց այսպես ասած չեն ուրախացրել փոխադարձ շնորհավորանքներով: Օրինակ, ՌԴ նախագահը կանոնավոր շնորհավորում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան տարեդարձի, Նոր Տարվա կապակցությամբ: Ռոբերտ Քոչարյանն էլ իր հերթին էր պատվում ՌԴ նախագահին:
Սերժ Սարգսյան-Պուտին մակարդակում չի եղել այդպիսի կոմունիկացիա, կամ համենայն դեպս այն չի հանրայնացվել, թեեւ լինելու դեպքում ինչն էր խանգարելու այն հանրայնացնելուն: Ահա այդ ֆոնին, 2020 թվականին նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ընդգրկված է նախկին նախագահների շարքում, որոնց շնորհավորել է ՌԴ նախագահ Պուտինը:
Ի՞նչ է պատահել, որ Պուտինը այդ ուղերձը հղել է նաեւ Սերժ Սարգսյանին: Նախորդ տարիների համեմատ «փոփոխությունն» իհարկե արցախյան պատերազմն ու Արցախի ռուս-թուրքական բաժանումն է: Գործընթաց, որն անշուշտ հասունացել է մի քանի տարի, ապրիլյան պատերազմի փորձով՝ թակելով նաեւ Սերժ Սարգսյանի դուռը: