Ոստիկանության Մարտունու բաժինը՝ ապօրինի թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով բերման ենթարկված Արարատի մարզի բնակչի մոտ հայտնաբերել է թղթե փաթեթներ` դեղնականաչավուն, չորացված-մանրացված մարիխուանայի նմանվող զանգվածով եւ ապակյա ծխամորճ: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության տարածած հաղորդագրությունից։
«Ոստիկանության Մարտունու բաժնի համայնքային ոստիկանները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունվարի 3-ին, ապօրինի թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով, Մարտունու ավտոկայարանի տարածքից բերման են ենթարկել Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 46-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են թղթե փաթեթներ` դեղնականաչավուն, չորացված-մանրացված մարիխուանայի նմանվող զանգվածով եւ ապակյա ծխամորճ: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն: Զանգվածն ու ծխամորճը փաթեթավորվել, կնիքվել եւ ուղարկվել են փորձաքննության: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։