«Այս ամենն անտեղյակության, անգրագիտության հետևանք է. իրենք են առաջինը բացասական, անպատասխանատու խոսքի օրինակ ծառայում»․ «Փաստ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» օրաթերթը գրում է
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են փոփոխություն կատարել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում՝ արգելելով անանուն աղբյուրներին (նոր տարբերակով՝ «չնույնականացված աղբյուրներին») հղում կատարելը։ Դատախազությունն առաջարկում է փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքում, որի համաձայն, հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու դեպքում կգործի տուգանք կամ ազատազրկում։ Ազգային ժողովն էլ օրերս առաջին ընթերցմամբ ընդունեց Ալեն Սիմոնյանի հեղինակած օրենսդրական նախագիծը, որով խստացվում է վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված փոխհատուցման չափը, մասնավորապես՝ Քաղաքացիական օրենսգրքում կատարվող փոփոխությունների համաձայն, վիրավորանքի համար առաջարկվում է 1 միլիոն դրամի փոխարեն մինչև 5 միլիոն դրամ փոխհատուցման չափ սահմանել, իսկ զրպարտության դեպքում՝ 2 միլիոնի փոխարեն մինչև 10 միլիոն։
Բոլորովին չենք զարմանա, եթե թերթի այսօրվա համարի լույս տեսնելուց առաջ, օրինակ՝ գիշերով, իշխանական պատգամավորներից որևէ մեկի գլխում հերթական փառահեղ միտքը ծնվի, թե հիմա ի՞նչ մոգոնեն, որ հանկարծ իրենց մի թթու խոսք ասող, իրենց ապաշնորհ կառավարումը քննադատող չլինի, եթե լինի էլ, տուգանեն կամ դատեն։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը նշում է՝ դեմ է օրենսդրական այս բոլոր նախաձեռնություններին։
«Վերջին օրերին պարբերաբար անդրադառնում եմ այս խնդրին և փորձում եմ նաև բացատրել, որ նման հատվածային, կցկտուր օրենսդրական կարգավորումները շատ վատ, բացասական հետևանքի կարող են հանգեցնել։ Նախ իրենց հիմքում որևէ հաշվարկ, հիմնավորվածություն, վերլուծություն դրված չէ։ Այսինքն՝ այս լուծումներին չի նախորդել հարցի գլոբալ, համալիր ուսումնասիրություն, որի հիման վրա հանգել են եզրակացության, որ խնդիրը նվազեցնելու կամ լուծելու համար մեզ անհրաժեշտ է կատարել հետևյալ մի քանի քայլերը կամ բարեփոխումները։ Ստացվում է՝ սրան չի նախորդել հետազոտական, վերլուծական որևէ լուրջ ուսումնասիրություն։
Կարծում եմ, որ այս բոլոր նախաձեռնությունները մեկը մեկի հետ կապ չունեցող, ցաք ու ցրիվ, պահի ազդեցության տակ կայացված որոշումներ են, որոնք բնականաբար չեն կարող լինել արդյունավետ, էլ չասենք, որ պոտենցիալ վտանգ ու ռիսկեր են պարունակում իրենց մեջ։ Այդ իսկ պատճառով դրանք մերժելի են։ Դրանց փոխարեն պետք է ավելի երկարաժամկետ ազդեցություն ունեցող լուծումներ գտնել, որոնք աշխարհում արդեն լայնորեն կիրառվում են, իսկ մերոնք, չգիտես, թե ինչու, ավելի շատ պատժելու, խստացնելու, մահակը ձեռքը վերցնելու մեխանիզմ են որդեգրում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Դոյդոյանը։ Կարծիք է հնչում, որ այս բոլոր փոփոխությունները միտված են նրան, որ իշխանավորներին «թթու խոսք» ասող չլինի, բայց միևնույն ժամանակ նույն իշխանական շրջանակներն ընդդիմադիրներին անպատիժ վիրավորում են։
«Քաղաքական զսպված խոսքի մշակույթը մեզանում գրեթե բացակայում է։ Երբ նայում ենք այն քաղաքական գործիչների սոցիալական ցանցերի էջերը, լսում քաղաքական ելույթները, որոնք, ի դեպ, նախաձեռնում են օրենսդրական այդ փոփոխությունները, ապա տեսնում ենք, որ ամենաանպատասխանատու խոսքը լսում ենք հենց իրենց շուրթերից։Իրենք են առաջինը բացասական, անպատասխանատու խոսքի օրինակ ծառայում հասարակության համար։ Մինչդեռ նրանք պետք է լավ օրինակ լինեին, թե ինչպիսին պիտի լինի գրագետ ու պատասխանատու խոսքը, ինչի կարիքը մենք այսօր ունենք։ Եթե ասեմ, թե անում են նրա համար, որ իրենց հասցեին թթու խոսք չլսվի, դրա հետ համաձայն չեմ։ Իրականում այս ամենն անտեղյակության, անգրագիտության հետևանք է»,-եզրափակում է Շուշան Դոյդոյանը։
Լուսինե Առաքելյան
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում