Աղանդները զգալի դեր են խաղացել 2018 թվականի թավշյա հեղափոխության ժամանակ․ «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է
rossaprimavera.ru-ն «Արդյո՞ք «Կյանքի խոսքը» աղանդը կանգնած է եղել հայկական մայդանի ակունքներում» վերնագրով հոդվածում գրում է, որ քայքայիչ աղանդները սկսել են ազդել Հայաստանի քաղաքական կյանքի վրա դեռ 2008 թվականի գունավոր հեղափոխության փորձի ժամանակ և ակտիվ մասնակցել են 2018 թվականի թավշյա հեղափոխությանը: Այս մասին ասված է Ռենատ Աբուզյարովի «Աղանդների քաղաքական նշանակությունը Հայաստանում և ոչ միայն» հոդվածում, որը լույս է տեսել փետրվարի 26-ին «Ժամանակի էությունը» թերթում: Հեղինակը մեջբերում է «Քայքայիչ պաշտամունքների զոհերի վերականգնման կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանի խոսքերը, որը, 2011 թվականին խոսելով Հայաստանում կրոնական աղանդների կործանարար դերի մասին, ասել է, որ Հայաստանի երեք մեծ բողոքական աղանդները՝ «Ավետարանչականները», «Կյանքի խոսքը» և «Ավետարանական բապտիստները» միավորվել են մեկ կազմակերպության մեջ և իրենց առջև նպատակ դրել թուլացնել Հայ առաքելական եկեղեցու դերը հանրապետությունում:
«Արդյունքում ստացվել է, որ Հայաստանի բոլոր բողոքական եկեղեցիները սկսել են գործել մեկ հարկի տակ և սերտորեն համագործակցել ԱՄՆ-ի դեսպանատան հետ», - Ամարյանի խոսքն է մեջբերել հեղինակը: Փորձագետի կարծիքով, Հայաստանում միայն բողոքական աղանդների անդամների թիվը կարող է հասնել մինչև 250 հազար մարդու, ինչը նրանց թույլ է տալիս զբաղեցնել Ազգային ժողովի խորհրդարանական տեղերի մինչև 25% -ը: Հեղինակը նաև նշել է, որ աղանդները զգալի դեր են խաղացել 2018 թվականի թավշյա հեղափոխության ժամանակ: Նա ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց հետո կառավարության աշխատակազմում բարձր պաշտոնի է նշանակել Գևորգ Աճեմյանին, որը «Կյանքի խոսքը» աղանդի խարիզմատիկ անդամ է: Բացի այդ, Փաշինյանի օգնական է դարձել իր կնոջ նախկին վարսահարդար Սոֆյա Նավասարդյանը, որի ֆեյսբուքյան էջում նշված է, որ նա նույն աղանդի ծխական է:
Իսկ թավշյա հեղափոխության ակտիվ փուլում բողոքողները միաժամանակ ձեռքերը վեր էին բարձրացնում այնպես, ինչպես անում են աղանդավորները, այդ թվում՝ «Կյանքի խոսքը» աղանդի հավատացյալները: Համացանցում շրջանառվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Փաշինյանը ուղղորդում այդ ձեռքերի շարժումները: Հեղինակը համոզված է, որ վերոնշյալ փաստերը վկայում են նրա՝ «Կյանքի խոսքը» աղանդին հավատարմության մասին, և որ 2018 թվականի հեղաշրջման հաջողությունը մեծապես պայմանավորված է եղել այդ աղանդների հետևորդների ակտիվ ներգրավմամբ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում