Իտալիայում կարտադրվի «Սպուտնիկ V» պատվաստանյութը. մինչև տարեվերջ կարտադրվի 10 մլն դեղաչափ
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամը և Adienne Pharma & Biotech ընկերությունը «Սպուտնիկ V» պատվաստանյութն Իտալիայում արտադրելու վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել: Ռուս-իտալական առևտրի պալատի նախագահ Վինչենցո Տրանին այս պայմանագրի կնքումը համարել է «պատմական իրադարձություն»,-ասվում է պալատի կայքում:
Արտադրությունը նախատեսվում է սկսել հունիսին: Այս տարվա վերջին արտադրված կլինի 10 միլիոն դեղաչափ:
«Այս համաձայնագիրն իր տեսակի մեջ առաջինն է եվրոպացի գործընկերոջ հետ: Դա կարելի է անվանել պատմական իրադարձություն, որը վկայում է մեր երկրների երկկողմ հարաբերությունների լավ վիճակի մասին և ցույց է տալիս, թե ինչ կարող են տեսնել իտալական ընկերությունները քաղաքական տարաձայնությունների սահմաններից այն կողմ»,-ասել է Տրանին:
Նա ընդգծել է, որ անվտանգ և մատչելի պատվաստանյութի առկայությունը առաջնահերթ խնդիր է բոլոր այն երկրների համար, որոնք պայքարում են իրենց քաղաքացիների բարեկեցության, արդյունավետ առողջապահության և տնտեսական համակարգի կայունացման համար:
Իտալիայում ռուսական պատվաստանյութի արտադրության մեկնարկի շուրջ բանակցությունները տևել են մի քանի ամիս: