Քաղաքական պոպուլիզմի ժամանակը պետք է ավարտվի. Չկա ապագա առանց տնտեսության
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆԽորհրդարանական առաջիկա ընտրություններում փուչ խոսքերի և խոստումների փոխարեն պետք է ընտրել իրական գործ անող, արարող մարդկանց, քաղաքական պոպուլիստների փոխարեն նախընտրությունը տալ կայացած գործիչներին։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ միայնակ է մասնակցելու խորհրդարանի ընտրություններին և գնում է իշխանություն վերցնելու։
Ի հեճուկս նորաստեղծ ու անհայտ կուսակցությունների և միավորումների, Գագիկ Ծառուկյանի գործունեությունը տասնամյակներ շարունակ մեր ազգաբնակչության աչքի առջև է. 2004 թվականին ստեղծված քաղաքական ուժը երեք տարի անց արդեն ծանրակշիռ ներկայություն ուներ խորհրդարանում, և հետագա բոլոր գումարումներում։ Նույնիսկ 2018թ․ իշխանափոխությունից հետո, երբ քաղաքական պոպուլիստները գրոհում էին իշխանության բոլոր ճյուղերը, ԲՀԿ-ն ստացավ ժողովրդի քվեն և 26 պատգամավորներով ձևավորեց հիմնական ընդդիմադիր խմբակցությունը ԱԺ-ում։
Սա, թերևս, վկայում է, որ հանրությունը ճանաչում է, կարող է ճիշտ ընտրություն կատարել, իր քվեն տալ մարդկանց, ովքեր ռեալ գործ են անում, յուրաքանչյուր օր ու ժամ սպասարկում հանրության շահերը։ Հատկապես այսօր, երբ պատերազմից հետո երկրում վատթարացել է տնտեսական իրավիճակը, անվտանգային բազում խնդիրներ են առաջացել, և հարկավոր է ժամ առաջ ձեռնարկել երկրի վերականգնումը, անհրաժեշտ են իրենց ոլորտներում կայացած, ձեռքբերումներ ունեցած մարդիկ։
Հիասթափված քաղաքացուն ողջամիտ ընտրություն է պետք, այլապես մեր երկիրը կշարունակի ազատ անկումը։ Գագիկ Ծառուկյանը վաղուց ապացուցել է այս ճշմարտությունը, այդ կուսակցության առաջնորդն էլ անձնական օրինակով է ցույց տվել, թե որքան լավ է հասկանում երկրի ցավոտ խնդիրներից, աշխատող մարդու դարդուցավից, տնտեսության զարգացման հեռանկարներից։ Որպեսզի հետագայում Հայաստանը չբախվի ավելի մեծ աղետների, պարզապես անհրաժեշտ է բանական ընտրություն կատարել և իշխանությունը վստահել փորձառու, հաջողակ մարդկանց:
Չի կարող լինել ապագա առանց հզոր տնտեսության, այսօր արարող մարդուն քվե տալու ժամանակն է։
Արտակ Ադամյան