Ֆրանսիան ԱՄՆ-ին Ազատության 2-րդ արձանը կնվիրի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիան Միացյալ Նահանգներին Ազատության նոր արձան կուղարկի՝ ցույց տալով երկու պետությունների պատմական կապերը, հայտնում է Politico պարբերականը և հավելում, որ արձանն ուղարկվելու է հունիսի 7-ին և Նյու Յորք է հասնելու հուլիսի 4-ին՝ ԱՄՆ-ի անկախության օրը։
Արձանը զգալիորեն փոքր է մեզ արդեն հայտնի Ազատության արձանից՝ ընդամենը 2,83 մետր։ Միացյալ Նահանգներում Ֆրանսիայի դեսպան Ֆիլիպ Էթյենն ասել է, որ արձանը «ազատության կրկնակի խորհրդանիշ է»։
Նոր արձանի գաղափարն առաջ է եկել 2019 թվականի հուլիսին և նպատակ է ունեցել Միացյալ Նահանգներին ցույց տալ Ֆրանսիայի հավատարմությանը բարեկամական ոգուն։ Նախագիծը հետաձգվել էր կորոնավիրուսային համավարակի տարածման հետևանքով և վերսկսվել անցնող ձմռանը։ Արձանը հուլիսի 14-ին տեղադրվելու է Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանի նստավայրի այգում՝ 10 տարի ժամկետով։
Հիշեցնենք, որ առաջին անգամ Ֆրանսիան Միացյալ Նահանգներին Ազատության արձանը նվիրել է ԱՄՆ-ի անկախության մեկ դարյա տարեդարձի առթիվ՝ 19-րդ դարում։