Հնդկաստանում 21 բանտարկյալ հրաժարվել է դուրս գալ բանտից՝ կորոնավիրուսի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանի հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգում կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով 21 բանտարկյալ հրաժարվել է լքել ուղղիչ հաստատությունը, հայտնում է India Today լրատվականը։
Հայտնի է, որ նահանգի 9 բանտերում բանտարկյալները հնարավորություն են ունեցել պայմանական վաղաժամկետ ազատման, սակայն դիմել են նահանգի իշխանություններին՝ հրաժարվելով իրենց իրավասությունից։ Բանտարկյալները նշել են, որ բանտերում իրենք ավելի անվտանգ ու ապահով են:
Բանտերից մեկի տնօրեն Անանդ Կումարն ասել է․ «Բանտարկյալներն ասում են, որ բանտերում պարբերաբար բուժզննում են անցնում, ժամանակին սնունդ են ստանում և առողջ ու անվտանգ են, իսկ դուրս գալուց հետո պետք է պայքարել գոյատևելու համար»։
Հայտնի է, որ նահանգային իշխանությունը բավարարել է բանտարկյալների դիմումները՝ դրանց գրավոր լինելու հիմքով։
Մայիսի 8-ին ընդունված որոշման համաձայն՝ Հնդկաստանում բանտերի բեռնաթափում է տեղի ունենում, որի շրջանակում մոտ 11 հազար բանտարկյալ արդեն իսկ վաղաժամկետ պայմանական ազատ է արձակվել, ինչը պայմանավորված է երկրում կորոնավիրուսային վարակի տարածմամբ։