Չինաստանում H10N3 թռչնագրիպի շտամով մարդու վարակման դեպք է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի Ցզյանսու նահանգում հայտնաբերվել է H10N3 թռչնագրիպի վիրուսի շտամով մարդու վարակման դեպք, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի տարածած հաղորդագրությանը։
Ցզյանսու նահանգի 41-ամյա բնակիչն ապրիլի 23-ին ջերմություն է ունեցել, և սկսել են մի շարք ախտանշաններ ի հայտ գալ, որից հետո տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց։ Մայիսի 28-ին հիվանդից վերցված նմուշի հիման վրա տղամարդու մոտ հայտնաբերվել է H10N3 վիրուս։
Հիվանդի անմիջական շրջապատը բժշկական հսկողության տակ է գտնվում, սակայն անոմալիաներ չեն նկատվել նրանց մոտ։ Ներկայում վարակակիր տղամարդու վիճակը գնահատվում է կայուն և կարող է դուրս գրվել հիվանդանոցից։
Հայտնի է, որ վարակը նախկինում մարդուց մարդուն չի փոխանցվել, և այն թռչունների շրջանում ցածր պաթոգենություն ունի։ Մասնագետների կարծիքով՝ դեպքը «թռչնից մարդուն վարակի պատահական փոխանցում է» և «տարածման ռիսկը չափազանց ցածր է»։ Նրանք խորհուրդ են տվել ուշադիր լինել սննդի հարցում և խուսափել թռչունների հետ շփումից։