Գագիկ Ծառուկյանը միշտ գործով է ապացուցում. Վահե Էնֆիաջյան
INTERVIEWPast.am-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը։
- Պարո՛ն Էնֆիաջյան, Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ծանրագույն իրավիճակում։
Ի վերջո ո՞րն է ելքը։
- Համախմբվել, աշխատել, չնահանջել։
Սակայն հարկավոր է ամեն քայլ անել գիտակցաբար, համախմբել ու վստահել գործունյա ու դժվարությունների հաղթահարման փորձ ունեցող անհատներին ու թիմերին, որոնք ունեն իրատեսական ծրագրեր և դրանք կյանքի կոչելու ներուժ։
Հայաստանը պետք է ունենա անվտանգության ու տնտեսական իրական երաշխիքներ։
- Սպասվող ընտրությունները որքանո՞վ կնպաստեն դրան։
- Ընտրություն կատարելը՝ մանավանդ հիմա, ժողովրդի համար շատ պատասխանատու է, քանի որ մեծապես դրանից է կախված երկրի ապագան։
Հարկավոր է նայել՝ ով, ինչ ուղի է անցել ու գործով ինչ է ապացուցել։
Տարիներ առաջ, երբ Գագիկ Ծառուկյանը ստանձնեց Օլիմպիական կոմիտեի նախագահությունը՝ բոլորն են հիշում, որ նյութատեխնիկական, մարդկային ու գույքային ռեսուրսների սուր դեֆիցիտ կար, եթե չասեմ աղետալի իրավիճակ էր, սակայն տարիներ շարունակ իրականացված սրտացավ, նպատակային ու պրոֆեսիոնալ աշխատանքները տվեցին իրենց արդյունքը։
Այժմ Հայկական սպորտի մասին բոլորս ենք հպարտությամբ արտահայտվում, ուրախանում յուրաքանչյուր հաղթանակով։
Ունենք Եվրոպայի, աշխարհի չեմպիոններ ու արդեն նաև Օլիմպիական մրցանակակիրներ, սակայն հաղթանակների հետևում հսկայական աշխատանք ու չարչարանք կա, մարդկային նվիրում ու մասնագիտական ուժերի համադրում, չհանձնվող և առաջ գնալու վճռականություն։
ԲՀԿ նախագահը հաճախ մի միտք է կրկնում`
«20 կիլոգրամը չբարձրացնողին՝ 100 կիլոգրամանոց ծանրաձողի մոտ թողնելը վտանգավոր է բոլորի համար»։
Խոսել շատերի մոտ է լավ ստացվում, ասել տեքստեր, որոնք ականջին հաճո կլինեն, բայց գործել ու գործել արդյունավետ՝ շատ քչերն են ունակ։
- Որքանո՞վ է որոշիչ մարդկանց գործոնը։
- Մենք պետք է ճիշտ գնահատենք իրավիճակը, բալանսավորված ու փոխշահավետ աշխատենք մեր միջազգային գործընկերների հետ։ Պետք է սերտ աշխատենք մեր ռազմավարական գործընկերոջ հետ, և՛ տնտեսական, և՛ ռազմական ուղղություններով։
Թույլ տնտեսությամբ ուժեղ պետություն չի լինում։
Երկրին հարկավոր են նոր ներդրումներ, նոր աշխատատեղեր, մանր ու միջին բիզնեսի համար բարենպաստ օրենսդրական ու քաղաքական պայմաններ։
Հաճախ միջպետական որոշ կարևոր հարցեր հնարավոր է լուծել մարդկային փոխհարաբերությունների, անձնական կապերի, երաշխիքների ու սկզբունքայնության շնորհիվ։
Մենք պետք է ու պարտավոր ենք օգտվել բոլոր հնարավորություններից, որպեսզի երկիրը կարողանանք դուրս բերել ստեղծված իրավիճակից։