«Ռասայական անհավասարությունը նպաստում է ԱՄՆ-ում քաղաքական խորացող պառակտմանը»․ Օբամա
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ռասայական անհավասարությունը, քաղաքականության ազգայնացումը և ԶԼՄ-ների լռությունը նպաստում են երկրում քաղաքական ինտենսիվ և խորացող պառակտմանը:
CNN-ի հաղորդավար Անդերսոն Կուպերի հետ հարցազրույցի ընթացքում դեմոկրատ Օբաման հանրապետականներին քննադատել է «2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները և երկրում ռասայական անհավասարության շուրջ աճող հասարակական մտահոգությունը կասկածի տակ դնելու համար»։
Օբամայի խոսքով՝ իր նախագահության 8 տարիներին փորձել է բացատրել՝ «քանի դեռ ամերիկացիները լիովին չեն հաշտվել պատմության հետ, չեն կարող մտածել համերաշխ ապագայի մասին»։
«Երկրի բնակիչների մեծ մասի՝ սպիտակամորթ ամերիկացիների համար դժվար է ընդունել, որ կարող են հպարտանալ մեր երկրով, ավանդույթներով, պատմությամբ և մեր նախնիներով, սակայն պետք է ընդունել նաև երկրում տեղի ունեցած սարսափելի իրադարձությունները, քանի որ դրանց մնացորդները շարունակում են հետապնդել մեզ»,- հայտնել է նա։
ԱՄՆ-ի 44-րդ նախագահը նաև նշել է, որ որոշ «աջակողմյան մեդիա հարթակներ օգուտ են քաղում սպիտակամորթ բնակչության շրջանում վախ և վրդովմունք բորբոքելուց»՝ ավելի խորացնելով քաղաքացիական հասարակության տարանջատումը։