«ՌԴ-ի և Չինաստանի միջև համագործակցությունը լուրջ մարտահրավեր է ՆԱՏՕ-ի համար». Ստոլտենբերգ
INTERNATIONAL NEWSՔաղաքական և ռազմական բնագավառում Ռուսաստանի և Չինաստանի միջև էլ ավելի ակտիվ համագործակցությունը լուրջ մարտահրավեր է ներկայացնում ՆԱՏՕ-ի համար, կարծում է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Վերջին ժամանակներս Ռուսաստանը և Չինաստանը աջակցում են էլ ավելի ինտենսիվ համագործակցությանն ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական մակարդակով: Խոսքը ՆԱՏՕ-ի համար լուրջ մարտահրավերի մասին է: Դրա արդյունքում առաջանում են նոր վտանգներ: Մոսկվան և Պեկինը էլ ավելի հաճախ են համակարգում որոշումների շուրջ համապատասխան դիրքորոշումներն այնպիսի բազմակողմ կազմակերպությունների շրջանակներում, ինչպիսին ՄԱԿ-ն է»,-ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է հարցազրույցում, որը «Ռուսաստանը և Չինաստանը սպառնում են Արևմուտքին» վերնագրով հունիսի 8-ին հրապարակել է Հռոմի la Repubblica թերթը:
«Բացի այդ, նրանք անցկացնում են համատեղ զորավարժություններ, միասին փորձառում են մարտական ինքնաթիռների հեռավոր թռիչքներ և ծովային գործողություններ, ինչպես նաև անցկացնում են փորձի ինտենսիվ փոխանակում սպառազինությունների և Համացանցի վերահսկողության ուղղությամբ»,-ասել է նա:
ՌԴ-ն և Չինաստանը քանիցս հայտարարել են, որ երկու երկրների համագործակցությունը ոչ ոքի չի սպառնում, հիշեցնելով, որ երկկողմ փաստաթղթերում միշտ ընդգծվում է, որ ռազմավարական փոխգործակցությունը և բազմակողմ գործընկերությունը ուղղված չէ ոչ ոքի դեմ, այլ բացառապես ելնում է երկու ժողովուրդների և երկրների շահերից: