Իսպանիան բացել է սահմանները բոլոր պատվաստվածների համար
INTERNATIONAL NEWSԻսպանիան, փորձելով փրկել համավարակի հետևանքով տուժած տնտեսությունը, բացել է սահմանները պատվաստված բոլոր ճանապարհորդների համար, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ երկիր մուտք գործելու համար պետք է ամբողջական պատվաստումն ավարտած լինել առնվազն 14 օր առաջ, կամ վերջին 6 ամիսների ընթացքում վարակված լինել կորոնավիրուսային վարակով։
Նոր կանոնների համաձայն` Իսպանիա մուտք գործելու համար զբոսաշրջիկները պետք է ցույց տան Եվրոպայի դեղորայքի կարգավորող մարմնի կողմից հաստատված Pfizer-BioNTech, Moderna, AstraZeneca և Johnson & Johnson պատվաստանյութերից որևէ մեկով, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից թույլատրված չինական Sinopharm և Sinovac պատվաստանյութերով պատվաստման վկայագրեր։
Ինչ վերաբերվում է ԵՄ անդամ 27 պետություններին, ապա դրանց քաղաքացիները կարող են Իսպանիա մուտք գործել նաև հակամարմինների թեստի դրական արդյունքի դեպքում։
Իսպանիայի տնտեսությունը, որը մեծապես կախված է զբոսաշրջությունից, 2020 թվականի ընթացքում 10,8 տոկոս անկում է ապրել, իսկ 2019 թվականին երկրի ՀՆԱ-ի 12 տոկոսն ապահովել է զբոսաշրջությունը։
Իսպանիայում կորոնավիրուսային համավարակի տարածումից ի վեր գրանցվել է վարակի հետևանքով մահվան 80 հազար դեպք։