Ժնևի երկինքը կփակվի Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի ժամանակ
INTERNATIONAL NEWSՇվեյցարիայի Դաշնային խորհուրդը (Կառավարությունը) որոշում է կայացրել հունիսի 15-17-ը ժամանակավորապես սահմանափակել Ժնևի օդային տարածքի օգտագործումը՝ Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի հետ կապված: Այս մասին ասված է Շվեյցարիայի կառավարության հաղորդագրության մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ժնևում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ անվտանգությունն ապահովելու համար Դաշնային խորհուրդը հաստատել է Ժնևի օդային տարածքի օգտագործման ժամանակավոր սահմանափակումը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է՝ ռազմաօդային ուժերը կապահովեն օդային տարածքի ուժեղացված հսկողությունը:
«Օդային տարածքի օգտագործումը կսահմանափակվի 2021 թվականի հունիսի 15-ի ժամը 08:00-ից մինչև 2021 թվականի հունիսի 17-ի ժամը 17:00-ն` Ժնևի Ազգերի հրապարակի վրա գտնվող տարածքում: Սա չի վերաբերում Ժնևի միջազգային օդանավակայանի թռիչքներին»,-հավելել է կառավարությունը:
Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովը կանցկացվի հունիսի 16-ին: