«Սա հատուկ եկել ու արել են այդ նպատակով, որ ես «Հայաստան» դաշինքի Տաշիրի տարածքային շտաբի պետն եմ». Հովհաննիսյան
ОБЩЕСТВОԵրեկ Past.am-ը տեղեկություններ էր ստացել, որ հունիսի 10-ին Նիկոլ Փաշինյանի՝ Տաշիր քաղաք այցելությունից հետո՝ հենց հաջորդ օրը, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությունից այցելել են «Հայաստան» դաշինքի Տաշիրի տարածքային շտաբի պետ Աղասի Հովհաննիսյանին պատկանող, որպես անհատ ձեռնարկատեր իր կողմից հիմնադրված սղոցարան, ստուգումներ իրականացրել և կնքել արտադրամասը: Տեղեկությունը ճշտելու համար զանգահարեցինք պարոն Հովհաննիսյանին, որը հաստատեց մեր տեղեկությունը: «Ստուգումների պահին այնտեղ չեմ եղել, շտաբում եմ եղել: Իմ աշխատողները զանգահարեցին, որ եկել են, սկսել ինչ-որ չափ ու ձև անել, երևի իրենք էլ չեն հասկացել՝ ինչ են անում, հետո աշխատողներին հանել են դուրս և կնքել արտադրամասը: Ինձ չեն հանդիպել, չեն ասել, թե ինչու են եկել, չեն հիմնավորել: Իրենք պետք է հիմնավորում տային, թե ինչու են կնքել արտադրամասը: Զանգել են, կանչել, բայց չեմ գնացել, ասացի՝ դուք եկեք զրուցենք, իրենք չեկան, ես էլ չգնացի: Արտադրամասը կնքել են, այն փակ է, հետևաբար ինձ հետ «հախ ու հաշիվ» ունեն»,-Past.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը: Մեր այն դիտարկմանը՝ հնարավո՞ր է, որ այս ստուգումները և արտադրամասի կնքումն ուղիղ կապ ունի նրա հետ, որ նա այժմ «Հայաստան» դաշինքի Տաշիրի տարածքային շտաբի պետն է, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Այս դեպքում միայն ու միայն այդ կապն է: Մինչ այժմ էլ ինձ մոտ հարկայինից եկել են ստուգումների, խախտումներ չեն եղել ու չեն էլ լինելու: Այո, փայտի գործունեության մեջ հարյուր տոկոսանոց նորմալ բան չի լինում, բայց նաև չի եղել այնպիսի խախտում, որի համար ինձ տուգանեին և այլն: Սա հատուկ եկել ու արել են այդ նպատակով, որ ես «Հայաստան» դաշինքի Տաշիրի տարածքային շտաբի պետն եմ: Ինձ թվում է՝ դա էր, ուրիշ բան չէր կարող լինել»,-եզրափակում է Աղասի Հովհաննիսյանը: