Ռադիո. ո՞վ է իրականում այս գյուտի հեղինակը. «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Փաստ» օրաթերթը գրում է
Ռադիոն (լատիներեն՝ radio – ճառագայթում, radius - ճառագայթ) ոչ լարային կապի տարատեսակ է, որի ժամանակ որպես ազդանշանի կրիչ են օգտագործվում տարածության մեջ ազատ տարածվող ռադիոալիքները։ Այն հնարավորություն է տալիս լսել մեզանից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող միկրոֆոնով խոսող մարդու ձայնը։ Պարզվում է, որ «ռադիոյի գյուտարար» կոչմանը հավակնում են բազմաթիվ մարդիկ: Նրանք բոլորն էլ ինչ-որ չափով ռադիո են հայտնագործել: Առաջին արտոնագիրը ստացել է ամերիկացի ատամնաբույժ Մալոն Լումիսը 1872 թվականին, որը դեռևս 1866 թվականին հայտարարել էր, որ հայտնաբերել է անթել կապի սարք:
ԱՄՆ-ում ռադիոյի պիոներներ են համարվում նաև Խյուզը (1878 թ.), Էդիսոնը (1875 թ., արտոնագիրը` 1885 թ.) և Տեսլան (արտոնագիրը` 1878 թ.) , Գերմանիայում՝ Հերցը (1890 թ.), Ֆրանսիայում՝ Բրանլինը (1890 թ.), Անգլիայում՝ Լոջը (1894 թ.), Հնդկաստանում՝ Չինդրու Բոշենը (1894թ.), Իտալիայում՝ Մարկոնին (1896 թ.), Ռուսաստանում՝ Պոպովը (1896 թ.): Հայաստանում ևս, որպես նախկին խորհրդային տարածք, ընդունված է, որ Պոպովն է ռադիոյի գյուտարարը: Իրականում Արևմուտքում այս բոլոր մարդկանցից առավել ընդունված է համարել, որ ռադիոն հայտնագործել է իտալացի Գուլիելմո Մարկոնին 1895 թվականի սկզբում (Պոպովից մի քանի ամիս առաջ):
Հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ հենց Մարկոնին: Նա առաջինն է եղել, որ ռադիոկապ է իրականացրել լաբորատորիայից դուրս (այդ տեսակետից երկրորդը Պոպովն է), բացի այդ, նա անընդհատ կատարելագործել է կապը և իր հայտնագործությունը կապել արտադրության հետ: Իտալացի մարքիզ Գուլիելմո Մարկոնին (1874-1937) եղել է ռադիոտեխնիկ և գործարար: 1896 թվականին նա ժամանել է Անգլիա և ցուցադրել իր սարքը՝ ռադիոն, որի օգնությամբ, օգտագործելով Մորզեի այբուբենը, Լոնդոնի փոստի շենքի տանիքից ազդանշան է ուղարկել 1,5 կմ հեռավորությամբ գտնվող այլ շենքի տանիք:
Նա սկսել է անընդհատ կատարելագործել իր սարքը. նույն տարում նա արդեն 3 կմ հեռավորության վրա է «խոսել», իսկ արդեն 1901 թվականին նա առաջին ռադիոազդանշանն է ուղարկել Եվրոպայից Ամերիկա՝ ընդամենը մեկ նշան՝ Մորզեի այբուբենի Ս տառը: 1897 թվականին, ստանալով արտոնագիր, նա հիմնել է «Մարկոնի» ընկերությունը, աշխատանքի է հրավիրել գիտնականների և տեխնիկների, սկսել է արտադրել «անլար հեռագրի սարքեր» և ապահովել որոշ կղզիների կապը մայրցամաքի հետ: Ի դեպ, այդ ամենի հետ նա հասցրել է նաև սենատոր դառնալ Իտալիայում: 1909 թվականին Գուլիելմո Մարկոնին դարձել է Նոբել յան մրցանակակիր ֆիզիկայի գծով: Ներկայումս էլ ռադիոկապը կիրառվում է կյանքի բոլոր ոլորտներում։
Շտապ օգնության, ոստիկանության և հրշեջ մեքենաների անձնակազմերը, տաքսու վարորդներն օգտվում են երկկողմ ռադիոկապից։ Բջջային հեռախոսները նույնպես ռադիոյով են կապված գլխավոր հեռախոսակայանի հետ։ Եվ վերջապես, հեռուստատեսությունն է օգտագործում ռադիոալիքները պատկերի և ձայնի հաղորդման համար։ Դե, բուն ռադիոյի մասին խոսելն ավելորդ է: Այնպես որ, ռադիոկապը հիմա էլ է արդիական:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում