Գո՝ մոլախա՞ղ, մարզաձև՞, թե՞ պարզապես ժամանցի միջոց․ «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Փաստ» օրաթերթը գրում է
Գոն աշխարհի ամենահին խաղերից մեկն է: Դրա առաջացման պատմությունը ծածկված է տարբեր առասպելներով և միֆերով: Ենթադրվում է, որ խաղն ավելի քան չորս հազար տարեկան է: Գոյի մասին առաջին հիշատակումները առկա են չինական տարեգրություններում, որտեղ այն նկարագրվում է Վեյց անվան տակ: Ասում են, որ Չինաստանի տիրակալներից մեկն է խաղ հորինել իր անհաջող որդու համար: Ենթադրվում էր, որ խաղը պետք է նպաստեր նրա մտավոր ունակությունների զարգացմանը, մարզեր ուշադրության կենտրոնացումը: Ըստ որոշ պատմաբանների և հնէաբանների, Գոն չէր կարող ծագել Չինաստանում, այլ առաջացել է Հնդկաստանում, որտեղ 3-րդ դարով թվագրված դամբարաններում զառեր են հայտնաբերվել:
Խաղի մասին առաջին ճշգրիտ գրառումը թվագրվում է 196 թվականով, որտեղ նկարագրվում է թագաժառանգ Սուն Ցեի և գեներալ Լյու Ֆանի միջև կայացած խաղը: Ի դեպ, այն ժամանակներում էլ Գո գործնականում խաղացել են նույն կանոններով, որոնցով խաղում են մեր օրերում: 7-րդ դարում Գո խաղը հասել է Ճապոնիա, որտեղ այն արագորեն լայն տարածում է գտել տեղի բնակչության շրջանում: Այնուամենայնիվ, շատ շուտով դա արգելվել է օրենքով, քանի որ դասվել է այնպիսի վնասակար գործողությունների շարքը, ինչպես ալկոհոլ օգտագործելը և խաղամոլությունը:
Միայն 701 թվականին է Ճապոնիայի կայսրը հրամանագիր արձակել, ըստ որի, Գոն այլևս չի համարվել մոլախաղ: Հաջորդ 250 տարիներին Ճապոնիայում տեղի է ունեցել Գո խաղի ժողովրդականության կտրուկ աճ: Ճապոնիայի կառավարությունը 17-րդ դարում սկսել է աջակցել Գոյի զարգացմանը, բացել է այդ խաղի դպրոցներ: Ի տարբերություն Ճապոնիայի, որտեղ խաղը ստացել է մարզաձևի կարգավիճակ և աջակցություն պետության կողմից, Չինաստանում այն մնացել է որպես պարզապես հաճելի ժամանց մտավորականների համար: Չինաստանում Գո խաղալը հավասարեցվել է նկարչությանը և գեղագրությանը: Դա եղել է շատ հեղինակավոր խաղ և մեծ պահանջարկ է ունեցել և ունի նաև հիմա: Շատ գրքեր են հրատարակվել, որոնք նկարագրել են խաղի կանոնները:
Որոշ գրքեր, ինչպես, ասենք, Բայլինի «Գուանցզի Պուն», պարունակում են շուրջ մեկուկես հազար առաջադրանք. Բայլինի գիրքն այսօր էլ չի կորցրել իր արդիականությունը: 1049-1054 թվականներին ընկած ժամանակահատվածում հայտնվել է Չանգ Նուիի «Դասական Գո» գիրքը, որում հեղինակը նկարագրել է խաղի տարբեր կիրառություններ: Նախ՝ խաղը կարելի է համարել մոլախաղ, քանի որ այնտեղ զառեր են օգտագործում: Երկրորդ՝ Գոյի խաղատախտակը նման է օրացույցի: Երրորդ՝ խաղը նախատեսված էր կանխատեսումների համար: Այդ դեպքում խաղատախտակը ծառայում էր որպես երկնքի մոդել, իսկ հին չինական գուշակության պրակտիկան հիմնված էր խաղատախտակին շարված խորհրդանիշների մեկնաբանության վրա:
Բայց իրավիճակը փոխվել է 1949 թվականից հետո, երբ Չինաստանում կոմունիստներն են իշխանության եկել և սկսել աջակցել Գոյի զարգացմանը: Մրցաշարեր սկսել են պարբերաբար անցկացվել, հայտնվել է Գոյի ազգային հավաքականը: 1980-ականներից ի վեր չինացի խաղացողները պարբերաբար հաղթել են միջազգային մրցաշարերում: Ներկայումս Չինաստանում կա Գոյի մի քանի հարյուր պրոֆեսիոնալ խաղացող: 19-րդ դարում Գոն մտել է Արևմտյան Եվրոպա և Ամերիկա: Խաղը լայնորեն տարածվել է Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Ավստրիայում և Հոլանդիայում: 1957 թվականին կայացել է Գոյի Եվրոպայի առաջին առաջնությունը: Դրանից հետո նման մրցաշարերը դարձել են ամենամյա: 1982 թվականին ստեղծվել է Գոյի միջազգային ֆեդերացիան: Ներկայումս այդ խաղի լավագույն խաղացողները Կորեայի, Ճապոնիայի և Չինաստանի ներկայացուցիչներն են:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում