Սթելս տեխնոլոգիա. ինչպես է օգնում առավելություն ստանալ երկնքում. «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Փաստ» օրաթերթը գրում է
Սթելսը (անգլերեն Stealth, թարգմանաբար՝ գաղտագողի , թաքուն) ռազմական մեքենաների ռադիոլոկացիոն, ինֆրակարմիր և այլ սպեկտրներում նկատելիության իջեցման մեթոդների համակարգ է, որը իրականացվում է շնորհիվ այդ մեքենաների երկրաչափական նախագծման և ռադիոալիքներ կլանող ծածկույթների, նյութերի օգտագործման, որն էլ իր հերթին բերում է այդ մեքենաների հայտնաբերման հորիզոնի փոքրացման և արդյունքում նրանց խոցվելու հավանականության անկման։ Ուղղակի ներկա տեխնոլոգիաների պայմաններում դեռ անհնար է հասնել ռազմական մեքենայի լրիվ «անտեսանելիության»։
Ի դեպ, այդ անտեսանելի մեքենաները լրիվ տեսանելի են սովորական մարդկային աչքի համար։ Այս ամենը հասկանալու համար առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչպես է գործում ռադարը, որը հայտնաբերում է մարտական մեքենան։ Ռադարը կամ ռադիոլոկացիոն կայանը համակարգ է, որը հնարավորություն է տալիս որոշել օբյեկտի մոտավոր տեղը տարածությունում։ Նրա գործողության սկզբունքը հիմնված է այն բանի վրա, որ նրանից ուղարկված ռադիոալիքները անդրադարձվում են մետաղական մակերեսներից, օրինակ՝ ինքնաթիռի կորպուսից, և գրանցվում։ Ինքնաթիռների կորպուսը սովորաբար աերոդինամիկ լինելու համար կլոր է, որը նշանակում է , որ ռադիոալիքները անդրադարձվում են բոլոր ուղղություններով։ Արդյունքում ռադիոալիքներ ուղարկած համակարգը հետ է ստանում այդ ալիքների անդրադարձը և, ըստ ժամանակի, ավտոմատ որոշում օբյեկտի հեռավորությունը և դիրքը։
Ժամանակակից ռադարները, ինչպես ռուսական «Իրբիսը» կամ «Ժուկը», անգամ որոշում են օբյեկտի չափերը և ձևը, այսինքն՝ թե ինչ օբյեկտ է դա՝ ուղղաթիռ, ինքնաթիռ, թե թևավոր հրթիռ։ Օբյեկտը ինչքան լավ է անդրադարձնում ռադիոալիքը, այնքան հեռվից կարելի է նրան հայտնաբերել։ Սա էլ հենց հանդիսանում է ռադիոլոկացիոն նկատելիությունը, որը որոշվում է օբյեկտի՝ ռադիոալիքները ցրելու հնարավորությամբ։ Օրինակ՝ այդ ցուցանիշը B-52 ռմբակոծիչների համար 100 քմ է, սովորական կործանիչի համար՝ 3-12 քմ, իսկ սթելս տեխնոլոգիայով ստեղծված ինքնաթիռների համար՝ ընդամենը 0,3-0,4 քմ։
Սթելս տեխնոլոգիան մարտական մեքենայի նման «անտեսանելիության» հասցնում է շնորհիվ նրա, որ մեքենան պատվում է կամ ստեղծվում այնպիսի նյութերից, որոնք հնարավորություն են տալիս առավելագույնը կլանել ռադիոալիքները և չանդրադարձնել դրանք, բացի դա, անգամ եթե առկա է անդրադարձ, այնպես իրականացնել այն, որ նրա ուղղությունը չլինի դեպի ռադար, որի համար էլ կորպուսը սարքում են ոչ թե կլոր, այլ սուր անկյուններով և հարթ մակերեսով։ Սթելս տեխնոլոգիան ԱՄՆ-ում սկսվել է մշակվել դեռ 1966 թվականից, իսկ արդեն 1970 թվականին ԱՄՆ-ի օդային ուժերը ստացել են SR-71 անսովոր աերոդինամիկ տեսքով և հատուկ ներկով ներկված հետախույզ ինքնաթիռը։ Փորձարկումները ցույց են տվել, որ այդ ինքնաթիռը իրոք որոշակիորեն «անտեսանելի» է։ 1975 թվականին ԱՄՆ-ը ստեղծել է F-117A Have Blue անտեսանելի ինքնաթիռի լիամասշտաբ մոդելը, որը 1977 թվականի ձմռանը իրականացրել է իր առաջին թռիչքը։
F-117 կործանիչռմբակոծիչը և В-2 ստրատեգիական ռմբակոծիչները առաջին մարտական մկրտությունը ստացել են 1991 թվականին Իրաքում «Փոթորիկ անապատում» օպերացիայի ժամանակ։ Նրանց օգտագործումը այնքան տպավորիչ է եղել, որ անգամ F-117-ը իր հանրաճանաչությամբ անցել է Կոկա-Կոլային, որպես ամերիկյան բրենդ։ Դա նոր տեսակի պատերազմի վարման ձև էր։ 6 շաբաթ գիշերները ռմբակոծելով Բաղդադը՝ անտեսանելի ինքնաթիռները զգալի առավելություն են ստեղծել հակառակորդի նկատմամբ։ Այդ «սև ուրվականները» ազատորեն երկինք են բարձրանում, նետում իրենց մահաբեր բեռը և անպատիժ վերադառնում բազա առանց վնասվածքների։
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում