Ողջ աշխարհը խոսում է Թուրքիայի հարվածային անօդաչուների մասին․ թուրք պաշտոնյա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան կենտրոնացած է ոչ միայն պաշտպանական արտադրանքի ներմուծումից կախվածության վերացման, այլ նաև գիտության և տեխնիկայի բնագավառում համաշխարհային առաջատարներից մեկը դառնալու վրա:
Այս մասին ուրբաթ Կայսերիի «Էրջիէս» համալսարանում ասել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի ռազմարդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:
Դեմիրը ուշադրություն է հրավիրել վերջին տարիներին երկրի ռազմարդյունաբերական համալիրի հաջողությունների վրա: «Հինգ տարի առաջ Թուրքիան զինված չէր հակաօդային պաշտպանության ներքին համակարգերով, և այսօր մենք մարտական հերթապահության մեջ ենք դնում տարբեր համալիրներ, ինչպիսիք են՝ «KORKUT»-ը, «SUNGUR»-ը, «HİSAR A+»-ը, «HİSAR O+»-ը: Մշակման փուլում են զենքի ևս մի քանի տեսակներ», - ասել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության տնօրինության ղեկավարը:
Նրա խոսքով, հաջողված նախաձեռնությունների շարքում կարող են դասվել նաև «MİLGEM» հայրենական ռազմական նավերը, տարբեր նավակներ, հարվածային ATAK ուղղաթիռները, լազերային կառավարմամբ զինատեսակներ, որոնք թիրախը խոցում են մինչև 150 կմ հեռավորության վրա, անօդաչու ավիացիան և դրոնների դեմ պայքարի համակարգերը։
«Մենք այս ամենին հասել ենք մոտ 4-5 տարվա ընթացքում: Ժամանակակից Թուրքիան մի երկիր է, որի մասին խոսում են աշխարհի տարբեր կետերում: Մենք դրան ականատես եղանք նաև հարձակվող անօդաչու թռչող սարքերի հարցում »,- ասել է Դեմիրը: