Yerevan, 19.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հպարտ եմ, որ ոչ թե հերոսի, այլ որ Ժուդեքսի մայրն եմ. տղաս բարձունքների էր ուզում հասնել»․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Ճարպիկ, աշխույժ տղան դեռ փոքրուց անգամ մեկ րոպե հանգիստ չէր նստում: Ժուդեքս Յազիչյանը բոլորի մոտ նախ՝ յուրահատուկ անունով էր տպավորվում, հետո՝ արդեն անսպառ էներգիայով: Իր շուրջն ուզում էր տարածել ու ստեղծել այն աշխարհը, որը հենց ինքն էր ուզում տեսնել: Ժուդեքսի մայրը՝ Արմինե Հարությունյանն ասում է՝ որտեղ Ժուդեքսն էր, այնտեղ ուրախությունն անպակաս էր: 

Տիկին Արմինեն պատմում է, որ տղան դպրոցում չափազանց ակտիվ ու աշխույժ է եղել: Ժպիտով է հիշում դպրոցական արկածները, երբ հանգիստ չէր թողնում հատկապես դասարանի աղջիկներին, ինչից հետո տիկին Արմինեն բազում բողոքներ էր ստանում:

«Շատ-շատ էին կռվում ընկերներով, բայց ամեն ինչ հաջորդ օրն անցնում էր, սրտներին ոչինչ չկար»,-պատմում է տիկին Արմինեն: Երևանի թիվ 120 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Ժուդեքսը որոշում է ընդունվել Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայի վոկալի բաժին: «Մեզ համար անակնկալ էր որոշումը: Մի տարիք եկավ, երբ իր մեջ միանգամից մի քանի տաղանդ հայտնաբերեցինք:

Խոսքը թե՛ ձայնային տվյալների, թե՛ նաև նկարելու մասին է: Երբ ընդունվեց Երգի պետական թատրոն, ուսումը կիսատ թողնելով՝ 2009 թվականին գնաց բանակ: Թեպետ օրինակելի զինվորական կարգապահության համար ծառայության ընթացքում Ժուդեքսը մի շարք պատվոգրերի էր արժանացել, ժամկետային ծառայությունից հետո սպա դառնալու առաջարկից հրաժարվել է: Արցախի «Մարտունի 2»-ում ծառայելուց հետո եկավ ու շարունակեց ուսումը: Ավարտելուց հետո շատ էր պարապում, երազանքը երգիչ դառնալն էր: Մի քանի անգամ այստեղ հիասթափություններ էր ունեցել, որոշել էր այլևս մրցույթների չմասնակցել:

Փոխարենը օր ու գիշեր պարապում էր երազանքին հասնելու համար: Հարևաններն էլ մեկ-մեկ բողոքում էին, ասում՝ տղադ չի թողնում քնենք: Երազում էր Անգլիա մեկնելու ու «X factor»-ին մասնակցելու մասին, ասում՝ բոլորին ապացուցելու եմ, որ հաղթելու եմ այնտեղ»,-պատմում է տիկին Արմինեն: Տան ամեն անկյունում այսօր Ժուդեքսի նկարած նկարներն են, նաև ծաղիկները, որոնք տնկել է ու ամեն օր խնամել: «Երբ ամեն օր աշխատանքից տուն էի գալիս, մի նկար կա՛մ արդեն նկարած էր լինում, կա՛մ նկարի կեսն արդեն պատրաստ էր: Բոլորին նկարներն էի ցույց տալիս, ասում՝ նայեք՝ տղես ինչ սիրուն նկարներ է նկարել, ասում էին՝ որ նման շնորհք ունի, նկարներն ինչի՞ չեք ծախում: Եկա, ասացի՝ տղե՛ս, նման բան են ասել:

Ասաց՝ իմ նկարներն անգին են... Իսկապես անգին են իր նկարները, որոնք ոչ թե բոլորի, այլ մեր տան համար է նկարել: Իր կյանքում ամեն ինչ գունավոր է եղել, ինքը երբեք ոչինչ սև ու սպիտակ չի տեսել: Ամեն օր էր իր վրա աշխատում: Ուրիշ նպատակներ ուներ, բարձունքների էր ուզում հասնել, բայց, ցավոք, չարաբաստիկ պատերազմը չթողեց, որ տղայիս նպատակներն իրականանան: Ամեն ինչ կիսատ մնաց, կիսատ մնացին նաև իր հետ կապված իմ երազանքները: 2016-ի քառօրյա պատերազմի ժամանակ ասաց՝ մա՛մ, մի քանի օր էլ որ շարունակվի, գնում եմ, բա որ բոլորս նստենք տանը, ո՞վ պիտի գնա մեր հայրենիքը պաշտպանի:

Իսկ 44-օրյա պատերազմը երբ սկսեց, սեպտեմբերի 29-ին իր «պավեստկան» եկավ, բայց մինչ այդ հորաքրոջն ասել էր, որ ընկերոջ հետ կամավոր է գնալու: Երբ զանգեցինք, ասացինք, որ «պավեստկա» է եկել, կես ժամվա մեջ աշխատանքից եկավ: Ասացի՝ ո՞ւր ես գնում, ինչո՞ւ ես շտապում, նորից ասաց՝ որ բոլորս չգնանք, ո՞վ պիտի գնա, պատերազմ է՝ պիտի գնանք ու բոլորս մեր հայրենիքը պաշտպանենք: Երբ անձնագիրն ու զինգրքույկը դարակից հանեց, սկսեցի լացել:

Երբ լացեցի, իր սիրտն էլ լցվեց, խռպոտ ձայնով ասաց՝ ինչի՞ ես լացում, հո չե՞մ մահացել: Փաթաթվեցի ու այդ օրվանից ոչ ոքի չեմ թողել լաց լինել: Ժուդեքսը սեպտեմբերի 29-ին գնաց, բայց ամսի 27ից Աստված էի կանչում, խնդրում, որ բոլոր բալիկներին վահան դառնա, պաշտպանի, որ կրակն ու փամփուշտը ոչ ոքի չկպնի»: Տիկին Արմինեն պատմում է, որ Ժուդեքսին մի քանի տղաների հետ հոկտեմբերի 12-ին են տեղափոխել Արցախ, մինչ այդ Բալահովիտում են եղել. «Ամսի 11-ին հրամանատարին ասել էր՝ քանի որ 12-ին Արցախ ենք գնում, թող գնանք տանեցիներին տեսնենք ու գանք: Այդ օրը, որ եկավ, սափրված չէր:

Փոքր եղբայրը՝ Տիգրանը, ասաց՝ ոնց որ Մոնթեն լինես, ասացի՝ մի ասա այդպես, ինքը Ժուդեքսն է, Մոնթեն չի… 12-ին գնացին Արցախ՝ Կարմիր շուկա: Հադրութի «Թութակ» պոստում է եղել: Հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին զանգել է, 16-ի առավոտյան՝ ևս: Այդ օրը եղբորս ծննդյան օրն էր, ասաց՝ եթե քեռիին չկարողանամ զանգել, կշնորհավորես, բայց կարողացել էր, իսկ եղբայրս հուզվել էր ու հեռախոսը տվել կնոջը: Վերջին անգամ եղբորս կնոջ հետ էր խոսել… Հոկտեմբերի 17-ին ուժեղ մարտ է եղել, ու ամսի 17-ից հետո արդեն չէր զանգում… Հոկտեմբերի 19-ի առավոտյան Տիգրանը մեկնեց Արցախ՝ եղբորը փնտրելու: Ասել էին՝ կանտուզիա է ստացել, վիրավոր է, բայց թիկունքի կողմից ԱԹՍ-ի կտորը մտել ու դուրս չէր եկել… Միայն օրեր անց՝ հոկտեմբերի 22-ին՝ իր ծննդյան օրը, տղայիս գտանք…»:

Երեք երեխաներից Ժուդեքսն ավագն էր, բայց, տիկին Արմինեի խոսքերով, իր ու Ժուդեքսի կապն առանձնահատուկ էր. «Իմ տան լույսն էր, ամեն ինչը, շատ կապված էի տղայիս հետ: Հիմա իր տնկած սենյակային ծաղիկներն եմ մշակում: Սկզբից խնամում էի, բայց մտածում, որ իրենից հետո ծաղիկները կխռովեն, կնեղանան ու էլ չեն ծաղկի: Բայց իր արխիդեաներն այնպես էին ծաղկել, ով նայում՝ զարմանում էր: Ծաղիկներից իր շունչն եմ զգում, ինքն այնքան շատ էր սիրում այդ ծաղիկները, անգամ համբուրում էր, խոսում ծաղիկների հետ: Երբ Արցախ մեկնելուց առաջ՝ հոկտեմբերի 11-ին եկավ, հարցրեց՝ չե՞ս ջրել, ասացի՝ չէ, վախեցա, մտածեցի կփչացնեմ: Այդ օրը ջրեց ծաղիկները: Հիմա ես եմ խնամում ու խոսում իր տնկած ծաղիկների հետ…»:

Ժուդեքսին զինակիցներն ու պատերազմի ժամանակ նրան կարճ ժամանակում ճանաչած մարդիկ ոչ թե պարզապես անսովոր անունով, այլ արարքներով են հիշում:

«Զինակիցներն ասում են՝ շատ կարճ ժամանակ ճանաչեցինք, բայց մինչև վերջ պայքարող տեսակներից էր: Ասում էին՝ ում հանկարծ մեկ րոպեով պառկած տեսներ, ասում էր՝ հելեք, քնելու ժամանակը չի: Մի անգամ Եռաբլուրում մի կին ծնկաչոք տղայիս գերեզմանաքարի մոտ էր: Հարցրի՝ ճանաչո՞ւմ եք տղայիս, ասաց՝ ո՞նց կարող եմ ձեր տղային մոռանալ, իրեն չես կարող մոռանալ: Ասաց՝ որքան էլ տարիները անցնեն, չեմ կարող մոռանալ նաև իր խոսքերը: Պատմեց, որ մի անգամ Ժուդեքսն ասել է՝ «ոչ մի փամփուշտ անիմաստ չկրակեք, այդ մի փամփուշտով կարող ենք մի հոգու կյանք փրկել»: Այդ կինն ասաց՝ կատակով «ժլատ» է անվանել, հետո հավելել՝ ամեն մարդ չի, որ նման իրավիճակում այնքան կարող է կազմակերպված լինել, որ մտածի՝ մի փամփուշտը կարող է մի հոգու կյանք փրկել: Հետո այդ կինն ասաց՝ ձեր տղան ամուսնացա՞ծ էր, ասացի՝ ոչ: Ասաց՝ բայց ընկերուհի ուներ: Ես կուզենայի իմանալ նրան»:

Տիկին Արմինեն պատմում է, որ Ժուդեքսը երբեք ցույց չէր տալիս հայրենասիրությունը. «Բայց անընդհատ Մանվել քեռիի (Արաբոյի Մանվել) օրինակն էր աչքի առաջ: Միշտ հպարտանում էր, ասում՝ մեր քեռին լեգենդ է, ու զարմանում, որ ամեն ինչի, ամեն դժվարություններից, անարդարություններից հետո ինչպես էր քեռին նորից ասում՝ պիտի գնանք, կռվենք, հաղթենք: Հետո Ժուդեքսն ասում էր՝ եթե պատերազմ լինի, անպայման գնալու եմ իմ հայրենիքը պաշտպանելու… Իսկ պատերազմը դաժան էր: Էրեխեքի արյան գնով պատերազմը տանուլ տվեցին, էդքանից հետո հողերը տվեցին… Եթե պիտի տային, գոնե ոչ էրեխեքի կյանքի գնով… Այսօր այնքան ընտանիքներ կան, որ երեխաների աճյուններն անգամ դեռ չեն գտել:

Մարդիկ կան՝ իրենց էրեխեքին են փնտրում, ու երբ մասունքներ են բերում, չեն հավատում, որ իրենց երեխայինն է: Բայց ծնողները պահել, մեծացրել են, չէ՞, ինչ է, ասե՞ղ էին էրեխեքը… Դաժան էր պատերազմը, դաժան է իրականությունը: Սրանից դաժան ցավ չկա աշխարհում: Ի՞նչ սերունդ գնաց՝ մեկը մեկից լույս: Այդ տղաների շնորհիվ է, որ ապրում ենք, շնչում ու կարողանում ենք գոյատևել, մենք պարտական ենք նրանց… Երբ Եռաբլուրում նկարներին նայելով քայլում եմ, խելագարվում եմ:

Լույս էրեխեքը չկան, իսկ ծնողներն ապրում են, բայց սա ապրել չի: Մի տարի է՝ ուղղակի շնչում եմ, բայց հոգով ու սրտով մահացած եմ: Ինքս ինձ չեմ ներում, որ ես ապրում եմ ու իմ տղեն չի ապրում: Կներես իմ ապրելու, բայց քո չապրելու համար… Բայց ես իրեն չէի կարող հետ պահել: Ես հիմա հպարտ եմ, որ ոչ թե հերոսի, այլ որ Ժուդեքսի մայրն եմ»:

Հ.Գ. -Ժուդեքս Յազիչյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Կյանքը զոհել է հանուն հայրենիքի 2020 թ. հոկտեմբերի 17ին Հադրութում՝ ծանր մարտական գործողությունների ժամանակ չլքելով մարտական դիրքը: Հոկտեմբերի 22-ին Ժուդեքսը կդառնար 30 տարեկան:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

 

Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card! Get 5% cashback on your AMIO digital card!