Ռեբուս. գրելու տեխնիկայից՝ գլուխկոտրուկ. «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Փաստ» օրաթերթը գրում է
Ռեբուսը գծանկարների, պատկերների, տառերի և այլ նշանների հավաքածուի տեսքով գլուխկոտրուկ է: Ռեբուսի առաջացման պատմությունը, կարելի է ասել, գալիս է հին ժամանակներից, երբ մարդիկ միմյանց տեղեկություններ էին փոխանցում՝ օգտագործելով պարզունակ պատկերներ: Հին եգիպտացիները նույնիսկ մ.թ.ա. 3-4-րդ հազարամյակներում օգտագործել են գրելու այդ տեխնիկան, քանի որ որոշ բառեր նկարելը ավելի հեշտ է, քան գրելը: Ֆրանսիացիները տասնհինգերորդ դարում առաջինն են օգտագործել ռեբուսները՝ որպես զվարճալի հանելուկներ: Այն ժամանակ այսպես էր կոչվում ծաղրածուի կատարումը հրապարակներում:
Հեգնական կատակների ու բարդ բանաստեղծությունների օգնությամբ նրանք փորձում էին ծաղրել ազդեցիկ անձանց արատները: Ծաղրածուներն իրենց ներկայացումներն անվանում էին «De rebus quae geruntur», որը լատիներենից թարգմանաբար նշանակում էր «գործերի մասին, որոնք տեղի են ունենում»: Դրանք շատ են զվարճացրել հասարակ մարդկանց և արագորեն հանրաճանաչություն են ձեռք բերել: Իհարկե, բացառությամբ ազնվական մարդկանց, որոնք ծաղրուծանակի էին ենթարկվում կատակերգուների կողմից: Արդյունքում, տասնվեցերորդ դարում նման զվարճանքներն արգելվել են: Բայց ռեբուսը չի վերացել, պարզապես փոխվել է: Բառերի՝ զավեշտալի և սրամիտ այդ խաղի նկատմամբ հետաքրքրությունը չի նվազել:
Աստիճանաբար սկսել են հայտնվել նկարված հանելուկներ, որոնք պարունակում էին նկարներ, տառեր, թվեր: 16-րդ դարի կեսերին Ֆրանսիայում լույս է տեսել ռեբուսների առաջին տպագիր գիրքը: Այն բաղկացած էր զվարճալի պատմությունների հավաքածուից և փոքրաթիվ նկարներից: Աքրոստիկոսի և տառախառնուկի (աննագրամա) սիրահար բանաստեղծ Էթիեն Տաբուրոն օգտագործել էր բառերի և բառակապակցությունների խաղ, որպեսզի ընթերցողին գերի՝ լուծելու այս կամ այն զվարճալի ռեբուսը: Աստիճանաբար ռեբուսները ավելի ու ավելի տարածված են դարձել և սկսել են լքել Ֆրանսիայի սահմանները՝ տարածվելով Իտալիայում, Անգլիայում, Գերմանիայում: Օրինակ՝ 18-րդ դարի վերջին անգլիացի նկարիչ Թոմաս Բույքի կողմից լույս է տեսել մանկական Աստվածաշունչ:
Աստվածաշնչի ավելի մատչելի ընկալման համար տեքստի որոշ բառեր և նույնիսկ արտահայտություններ փոխարինվել են հետաքրքիր նկարներով: Սա Սուրբ գրքի մասին գիտելիքները մատչելի և ցանկալի էր դարձնում երեխաների համար: Նման հիերոգլիֆային հրատարակությունը մեծ ժողովրդականություն է վայելել արտերկրում: 1788 թվականին Եսայա Թոմասը հրատարակել է Աստվածաշնչի ամերիկյան տարբերակը նկարազարդումներով: 19-րդ դարի կեսերին աշխարհի շատ երկրներում ռեբուսները օրգանականորեն են մտել մարդկանց առօրյա կյանք: Բնութագրական գծանկարները զարդարել են պանդոկների ցուցանակները, եղել են դարպասների և տների դռների վրա: Նույնիսկ Լոնդոնի աբբայություններից մեկում գտնվող մատուռի տանիքը որոշ ժամանակ զարդարված էր ռեբուսով:
1845 թվականին հանրաճանաչ պատկերներով առաջին զվարճալի նկարներն են հայտնվել ռուսական «Իլ յուստրացիա» ամսագրում: Իսկ 1881 թվականին լույս է տեսել «Ռեբուս» շաբաթաթերթը: Այն մեծ տարածում է գտել, քանի որ, բացի հոգեբանության, կրթության մասին և այլ հոդվածներից, պարունակել է հետաքրքրաշարժ ռեբուսներ և շարադաներ: Հեռուստատեսության մուտքով ռեբուսները հաջողությամբ նվաճել են նաև էկրանը: Դա է վկայում անցյալ դարի կեսերին ամերիկյան հայտնի «Ռեբուս խաղ» հեռուստաշոուն, որի ժամանակ գտնվում էին գաղտնագրված բառերը, իսկ ամենախելացին դրամական պարգև էր ստանում: Ռեբուսների հանրաճանաչությունը նույնիսկ հիմա չի նվազել: Դրանք հիանալի կերպով զարգացնում են հիշողությունը և հնարամտությունը, ընդ որում՝ հետաքրքիր են ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում