Երբ այստեղ բանակից են խոսում, դուք ուտելուց եք խոսում, Նոր տարվա մասին են խոսում, դուք էլի ուտելուց եք խոսում․ Ագնեսա Խամոյանը՝ իշխանությանը
POLITICSԱզգային ժողովում, երբ քննարկվում էր «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Ամանորին ոչ աշխատանքային սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը, ելույթ ունեցավ «Հայաստան» դաշինքից Ագնեսա Խամոյանը, որը թվային հիմնավորումների բաց նկատեց նախագիծը ներկայացնող էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ելույթում։
Նա նշեց, որ հանձնաժողովի նիստում նախարարի ներկայացրած թվերն այդպես էլ չհիմնավորվեցին, քանի որ, ըստ այդ թվերի, ՀՆԱ–ի ծավալը կավելանա 88,6 միլիարդ դրամով, համախառն թողարկման ծավալը կավելանա 123 միլիարդ դրամով, առևտրի թողարկումը կավելանա 47,5 միլիարդ դրամով, արդյունաբերության թողարկումը կավելանա 35,4 միլիարդ դրամով, ծառայությունների թողարկման ծավալը կավելանա, գյուղատնտեսության, շինարարության ծավալները կավելանան։
«Հուսամ՝ Ձեզ չի վախեցրել հանձնաժողովի նիստի ժամանակ մեր այն հայտարարությունը, որ շուտով նախաձեռնությամբ ենք հանդես գալու և սուտը քրեականացվելու է»,–ասաց պատգամավորը և նշեց, որ ակնկալում է, որ նախարարի եզրափակիչ ելույթում, ի վերջո մի կողմ դնելով պոպուլիզմը և դեմագոգիան, կներկայացվի այս թվերի բացվածքը։
«Ինձ զարմացնում է, որ երբ որ այստեղ բանակից են խոսում, անվտանգությունից են խոսում, դուք ուտելուց եք խոսում, Նոր տարվա մասին են խոսում, դուք էլի ուտելուց եք խոսում, ես չեմ հասկանում ինչու են բոլոր ասոցիացիաները գնում ուտելու վրա, նոր տարվա հետ պետք չէ ասոցացնել ուտելը հարգելի գործընկերներ»,–ասաց նա: