Այսօրվանից ԵՊՀ-ն անցել է հեռավար ուսուցման, քննությունները ևս պետք է անցկացվեն հեռավար տարբերակով
SOCIETYԵրևանի պետական համալսարանը հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 15-ը անցնում է հեռավար ուսուցման: Այս մասին Factor.am-ին հայտնեց ԵՊՀ խոսնակ Ազնիվ Գրիգորյանը։ Հատկանշական է, որ այս շաբաթ ԵՊՀ-ում նախատեսված են միջանկյալ քննություններ, ուսանողներին՝ մինչև հեռավար ուսուցման անցնելու որոշումը կայացնելը հայտնել էին, որ քննություններն անցկացվելու են առկա տարբերակով։ Եթե այսօրվանից համալսարանն անցնում է հեռավար ուսուցման, ապա այդ դեպքում ո՞ր տարբերակով են կազմակերպվելու քննությունները․ այս հարցն ուղղեցինք ԵՊՀ խոսնակին․ «Համալսարանն ամբողջությամբ է անցել հեռավար ուսուցման, եթե ֆակուլտետներում քննությունների՝ հեռավար անցկացման մասով խնդիրներ կլինեն, ապա իրենք են որոշելու, թե ինչպես կազմակերպեն դրանք»,- ասաց խոսնակը։ Գրիգորյանը, սակայն, նշեց որ քննություններն առկա անցկացնելու համար պետք է լինեն հստակ պատճառներ՝ օրինակ, եթե այնպիսի քննություն է, որը հնարավոր չէ կազմակերպել հեռավար տարբերակով։ Բայց եթե կուրսում կա կորոնավիորւսով վարակվածության թեկուզ մեկ դեպք, ապա քննությունների՝ առկա տարբերակով անցկացումը բացառվում է։