Երաժշտական գործիք եռանկյունի՝ թեթև, պայծառ, թափանցիկ, փրփրուն և բյուրեղային ձայնով․ «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Փաստ» օրաթերթը գրում է
Ներկայումս եռանկյունի երաժշտական գործիքը լայնորեն տարածված է ամբողջ աշխարհում: Այն պատկանում է նվագախմբային գործիքների հարվածային խմբին: Եռանկյունի հարվածային երաժշտական գործիքը իրենից ներկայացնում է եռանկյունու տեսքով պողպատե ձող, որի գագաթներից մեկը ագուցված չէ։ Հնչեցնելիս այն կախում են կաշեփոկից կամ լարից և հարվածում մետաղե ձողիկով։ Գործիքի ձայնը բարձր է և զրնգուն։ Հենց արտաքին ձևն էլ որոշել է գործիքի անվանումը, չնայած այդ գործիքի առաջին օրինակները չեն ունեցել եռանկյունու ձև, դրանք սկզբում քառանկյունաձև են եղել:
Դա են հաստատում անգլիացի և իտալացի նկարիչների նկարներում եղած պատկերները: «Եռանկյունի երաժշտական գործիք» հասկացությունն առաջին անգամ հիշատակվել է 1389 թվականին Վյուրտեմբերգ քաղաքի գույքագրման մեջ: Դժվար է ասել, թե կոնկրետ երբ և որտեղ է այդ նվագարանը ձեռք բերել մեզ հայտնի իր տեսքը, բայց միանգամայն հաստատ է, որ արդեն 17-րդ դարի սկզբին եղել է եռանկյունիների երեք տարատեսակ, իսկ հետո անգամ՝ հինգ տարատեսակ: Ցավոք, պատմությունը չի պահպանել ճշգրիտ տեղեկություններ եռանկյունու ծագման մասին: Այնուամենայնիվ, կա վարկած, որ այն հայտնվել է Արևելքում: Նրա մասին առաջին հիշատակությունը թվագրվում է 15րդ դարով: Նվագախմբերում եռանկյունիներ սկսել են օգտագործել 1850-ական թվականներից:
Դա կապված է եղել արևել յան երաժշտության հանդեպ հետաքրքրությամբ: Ռուսաստանում եռանկյունին հայտնվել է 1775 թվականին իր էկզոտիկ, արևել յան ձայնի շնորհիվ: Այն առաջին անգամ ներկայացվել է Գրեյթրիի «Գաղտնի մոգություն» օպերայում: Հայտնի է նաև, որ այն շատ ավելի վաղ եղել է ռազմական երաժշտության նվագախմբերում: Ռուսաստանում նախահեղափոխական ժամանակաշրջանում այն սիրված գործիք է եղել Ելիզավետա Պետրովնայի զորքերի շրջանում: Ռուսաստանում եռանկյունին անվանել են նաև տրենզել, բայց, բարեբախտաբար, այդ տարօրինակ անունը չի արմատացել: Վիեննական դասականների (Հայդեն, Մոցարտ, Բեթհովեն) աշխատանքներում եռանկյունին օգտագործել են թուրքական երաժշտությունը ընդօրինակելու համար:
Շատ կոմպոզիտորներ, ձգտելով փոխանցել արևել յան պատկերներ, հարստացրել են իրենց ստեղծագործությունները եռանկյունու հնչեղ ձայնով: Ներկայումս դժվար է պատկերացնել ժամանակակից նվագախումբ առանց եռանկյան մասնակցության: Այդ գործիքի խաղացանկում գործնականում սահմանափակումներ չկան: Իրոք, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, այն օգտագործվում է տարբեր ոճերի և ժանրերի երաժշտության մեջ: Այդ երաժշտական գործիքը նվագախմբային հնչեղությունը վերակենդանացնելու և հարստացնելու, նրան հանդիսավոր, վսեմ ու փայլուն տեսք հաղորդելու ունակություն ունի: Եռանկյունին հատուկ բարձրության ձայն չունեցող գործիք է: Նրա ձայնը կարելի է բնութագրել որպես թեթև, պայծառ, թափանցիկ, փրփրուն և բյուրեղային: Այնուամենայնիվ, եռանկյունի նվագողը պետք է ունենա որոշակի հմտություն:
Հունաստանում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախօրեին եռանկյունին շատ տարածված գործիք է: Երեխաները հավաքվում են մի քանի հոգանոց խմբով, գնում են տներ շնորհավորանքներով, երգում են տարբեր երաժշտական գործիքների ձայնակցմամբ, որոնց թվում եռանկյունին խիստ տարածված է: Ձայնի փայլուն գամմայի շնորհիվ եռանկյունու զրնգուն ձայնը նպաստում է տոնական տրամադրության և առասպելական մթնոլորտի ստեղծմանը:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում