Մարտեր ադրբեջանական տեղանունների շուրջ
SOCIETYՀամացանցի հայկական տիրույթում, հայկական կայքերում մեր բնակավայրերը հաճախ ներկայացվում են՝ հղում կատարելով ադրբեջանական անուններին:
Սահմանային միջադեպերի ֆոնին հանրության մեջ վեճ է առաջանում, որը երբեք նախկինում ակտուալ չի եղել՝ ճի՞շտ են արդյոք ներկայացվում հայկական գյուղերը: Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի մասին, օրինակ, որի ուղղությամբ նոյեմբերի 22-ին կրակ են բացել ադրբեջանցիները, gegharkunik.am կայքում այսպես է ներկայացվում. «Նորաբակ գյուղը… գտնվում է Վարդենիսից 15 կիլոմետր հեռավորության վրա, ունեցել է Մեծ Ղարաղոյուն եւ Ազիզլու անունները: Մինչեւ 1988 թվականը բնակեցված է եղել ադրբեջանցիներով: Այժմ գյուղում ապրում են Ադրբեջանից բռնագաղթած հայեր»:
Ֆեյսբուքի օգտատերերից Սիրանուշ Գյուրջինյանը տարածքային կառավարման նախարարության ուշադրությունն է հրավիրում այս հանգամանքի վրա՝ հույս ունենալով, որ կայքը կոտրել են: Նրան հակադարձում են. «Ճիշտը գրելն է: Ամենամեծ սխալը պատմությունը կեղծելն ա կամ քաղաքական շտկումն ա։ Ինտերնետի դարում հանցագործություն ա»:
Ճի՞շտ է արդյոք սուրբ ձեւանալ, երբ պետք է պաշտպանվել, որքանո՞վ է ընդունելի, որ Հայաստանի Հանրապետության գյուղերը ներկայացնելիս շեշտվում է հայկական բնակավայրն ադրբեջանցիներով բնակեցված լինել-չլինելու հանգամանքը: Ասենք, ադրբեջանցիները կգրեի՞ն՝ «այստեղ նախկինում ապրել են հայեր»: Հարցն ուղղեցինք Նորաբակի գյուղապետ Արմեն Ղազարյանին:
«Ցավդ տանեմ, չէին գրի, իհարկե: Ես չգիտեմ, թե ինչու է այդպես ներկայացված: Բայց մեխը՝ իրանց ձեռը, մուրճը՝ իրանց ձեռը, ո՞վ կարա ասի՝ խի եք գրել: Դա եղել է Խորհրդային Հայաստանի Վարդենիսի շրջանի գյուղերից մեկը: Նախկինում էլ այստեղ հայեր են ապրել: Նորաբակում կա հայկական հին գերեզմանոց, պարսկական հին գերեզմանոց: Մի անգիտակից մարդ բուլդոզերով դրել-վարել է էդ տեղը: Մարդիկ էլ կային՝ եկան, սկսեցին պեղումներ, քանդուքարափ արին ու հայտնաբերեցին Լենկ Թեմուրի ժամանակվա խաչքարեր, տակը՝ գանգեր: Ես էլ ներկա եմ եղել, տեսել եմ այդ գանգերը: Բնականաբար, դրանք հայեր են եղել, եթե խաչքարն էլ շուռ տված էր գանգերի վրա: Դա հայկական տարածք է եղել»:
Գյուղապետը պատմեց, որ այս համայնքը շրջանի 36 գյուղերից ամենահզորներից մեկն էր, 10 հազար գլուխ ոչխար է պահվել: «Իսկ հիմա թուրքերը մեր խոտհարքների, մեր արոտների մեջ նստած, իրենց պոստերն են դրել, իրարից 20-50 մետր հեռավորության վրա նստած են»: Արմեն Ղազարյանը նաեւ հայտնեց, որ Նորաբակում նախորդ օրվա կրակոցներից հետո երեկ հանգիստ է եղել:
Գեղարքունիքում վեճ է առաջանում նաեւ Բասար՝ Վարդենիսի ադրբեջանական անվան շուրջ: Մինչեւ հիմա Վարդենիսի բնակիչներին բասարցի են անվանում: Մինչեւ 44-օրյա պատերազմը այս փաստը երբեք վեճի թեմա չի եղել, ոչ ոքի «բասարցի» անունը չի վիրավորել: Այսօր իրավիճակն այլ է: Օրերս տարածաշրջանային ընտրական հանձնաժողովում, որը գտնվում է Մարտունիում, նույնիսկ վեճ է ծագել «բասարցի» բառի շուրջ: «Հայաստան» դաշինքի վարդենիսցի ներկայացուցչին մարտունեցիները բասարցի են անվանել, վերջինս էլ հակադարձել է. «Ի՞նչ Բասար: Իմ ծննդավարը Վարդենիսն է»: Ասում են՝ վեճը նույնիսկ տեղական նշանակության քաշքշուկի է վերածվել: