Արկտիկայում թերակղզի է անհետացել
«Ռուսական Արկտիկա» ազգային պարկի աշխատակիցները, շրջայց կատարելով Յոզեֆ Ֆրանցի Երկիր կղզեխմբի ամենամեծ՝ Էվա-Լիվ կղզու մոտակայքում, հայտնաբերել են, որ թերակղզին գրեթե ամբողջությամբ հալվել է:
Դրա միջնամասում 3 կմ լայնությամբ նեղուց է առաջացել: «Ուսումնասիրությունը թույլ է տվել եզարակացնել, որ հրվանդանը լիովին սառցադաշտ է եղել, որից մնացած հատվածը ծանծաղուտի մեջ հայտնված սառցակտոր է: Արված բացահայտումը պահանջում է աշխարհագրական վարչության ուշադրությունը»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է ազգային պարկի տնօրենի հայտարարության մեջ:
Վերջինս ընդգծել է, որ այդ կղզու քարտեզը կազմվել էր անցյալ դարի կեսերին, և այժմ այն հնացել է:
Կլիմայական փոփոխություններով պայմանավորված Յոզեֆ Ֆրանցի Երկրի սառցադաշտերի ուրվագծերն արագորեն փոխվում են: Կղզեխմբի տարածքում շատ տեղեր կան պոտենցիալ աշխարհագրական բացահայտումներ անելու համար, ինչպես նշում են մասնագետները: