Ինչո՞ւ էր «ձկան օր» հայտարարվել հենց հինգշաբթին․ «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Փաստ» օրաթերթը գրում է
Ձկան օրը ժամանակին խորհրդային երկրում մտցված հատուկ շաբաթական օր էր, և այդ օրը մսի փոխարեն մարդիկ պետք է ձուկ ուտեին, ենթադրաբար այն պատճառով, որ դա օգտակար է օրգանիզմի համար, իսկ իրականում այն պատճառով, որ ձուկն ավելի էժան էր, իսկ խորհրդային երկրին պետք էր կերակրել իր քաղաքացիներին: Իհարկե, բնակչության առողջությունը ԽՍՀՄ-ում երբեմն հասնում էր վտանգավոր սահմանների, բայց սովորաբար դա կախված էր լինում պարզապես քաղցի հետ։ Եվ ձկան օրվա ընդունումը ևս կապված էր դրա հետ։
Բանն այն է, որ 1930-ականներին կոլեկտիվացման և կուլակաթափության պատճառով առաջացել էր մսի արտադրության կտրուկ անկում։ Անհրաժեշտ էր բնակչության շրջանում առաջացող սպիտակուցային քաղցը ինչ-որ կերպ կոմպենսացնել: Այդ իսկ պատճառով 1932 թվականի սեպտեմբերի 12-ին սննդամթերքի մատակարարման նարկոմ Միկոյանը ստորագրում է ԽՍՀՄ Նարկոմատի «Հանրային սննդի կազմակերպություններում ձկան օր մտցնելու մասին» հրամանը, ըստ որի, պահանջվում էր շաբաթվա մեկ օրը սահմանել «ձկան օր» և այդ օրը ճաշացուցակում չընդգրկել մսային ուտեստներ: Այս ամենը պայմանավորված էր նրանով, որ միայն ծովերն ու լճերն էին իրականում խուսափել կոլեկտիվացումից, այսինքն՝ դրանք լի էին ձկով։ Ինչ-որ տեղ կարող է թվալ, որ սա ընդամենը կապ ունի նաև ԽՍՀՄ քրիստոնյա ազգաբնակչության հավատքի և մասնավորաբար Ուղղափառ, Կաթոլիկ ու Առաքելական եկեղեցիների ավանդույթների հետ: Եկեղեցական ավանդույթներով, չորեքշաբթին և ուրբաթը հանդիսանում են պահքի օրեր, դրան գումարած՝ կան Մեծ և Փոքր պահքի օրեր:
Ընդ որում, թույլատրվում էր որոշակի պահքի օրերի ձուկ օգտագործել: Այդուամենայնիվ, «ձկան օր» մտցնելը ոչ մի կապ չուներ այդ եկեղեցական սովորությունների հետ: Ճաշել միայն ձկով՝ իրականում անսովոր է։ Ընդ որում, այդ ամենից ամենաշատը տուժում էր հենց ինքը՝ կովկասցի Միկոյանը։ Նա իր հուշերում գրել է, որ սկզբից անգամ զզվելի էր նայել ձկնապուրին, բայց հետո այն սկսեց անգամ դուր գալ։ Այնուամենայնիվ, նշենք, որ բնակչության առողջության տեսակետից սա այնքան էլ վատ որոշում չէր և, իհարկե, դա ուներ իր որոշակի առողջական էֆեկտը։ Ավելի ուշ՝ 1976 թվականի հոկտեմբերի 26-ին, ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեն նոր որոշում է ընդունել՝ կապված «ձկան օրվա» հետ: Այս անգամ որոշվել է մտցնել «ձկան» պարտադիր օր՝ հինգշաբթին: Դարձյալ այնպես չէր, որ ԽՍՀՄ ղեկավարությունը մտածում էր բնակչության առողջության մասին, սակայն պատճառը այս դեպքում սովը չէր: Ուղղակի կառավարությունը ցանկանում էր խթանել ձկնարդյունաբերության զարգացումը:
Արդյունքում հանրային սննդի բոլոր կազմակերպություններում հինգշաբթի օրը տրվում էին միայն ձկնային ուտեստներ՝ բացառելով մսայինը, որը, իհարկե, մեծ դժգոհություններ էր առաջացնում աշխատավորների շրջանում: Հարցին, թե ինչո՞ւ «ձկան օրը» պարտադիր պետք է լինի հինգշաբթի օրը, ԽՍՀՄ կառավարությունը, ինչքան էլ զարմանալի է, ուներ կոնկրետ բացատրություն: Ըստ նրանց, դա կատարվել է կոնկրետ վիճակագրական հետազոտությունների և հաշվարկների արդյունքում (հավանաբար, ինչ-որ մեկը այդ գիտական աշխատանքի համար պրոֆեսոր կամ ակադեմիկոս էր դարձել): Թե ինչի վրա էր հիմնված այդ հաշվարկները կամ վիճակագրությունը, այնքան էլ պարզ չէր, բայց, ի վերջո, անգամ այստեղ ոչ մի կերպ չի նշվել բնակչության առողջության պահպանման նպատակը, այլ ընդամենը արձանագրվել է, որ, ըստ հաշվարկների, հենց հինգշաբթի օրն է լինում ձկնամթերքի առավել ակտիվ իրացում: Իհարկե, այս ամենը արդեն հուշեր են, բայց… իրականում գուցե շատ ճի՞շտ է գոնե շաբաթական մեկ օր սնվել ծովամթերքով։
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում