Վարակվածության ալիքն էլի ինտենսիվ սկսել է բարձրանալ
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՀայաստանի Հանրապետությունը գտնվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնում, և արձանագրվում է հիվանդացության բարձր ակտիվություն: Այս թեմայի մասին զրուցել ենք համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանի հետ։
Անդրադառնալով վիրուսներին՝ համաճարակաբանն ասաց. «Վարակվածության ալիքն էլի ինտենսիվ սկսել է բարձրանալ և շարունակելու է բարձրանալ, որովհետև ամբողջ աշխարհում շրջանառվում է շատ արագ տարածվող շտամը՝ «Օմիկրոնը»: «Օմիկրոնն» ինտենսիվ տարածման հակում ունի, շատ ավելի վարակիչ է, քան «Դելտա» շտամը: Դրա համար մենք ունենք բոլոր խոցելի խմբերը, պայմանները, որ ավելի ինտենսիվ այն տարածվի մեզ մոտ: Արդեն իսկ սկսվել է վարակվածության դեպքերի աճ, ու հայտնվել ենք կարմիր գոտում: Առողջապահության նախարարության տվյալներով՝ դեպքերի աճ ավելի շատ գրանցվում է երեխաների շրջանում: Բայց սա կարող է լինել ոչ միայն վիրուսի առանձնահատկությունը, այլև զուտ այն, որ մանկական պատվաստումային ընդգրկվածությունն ամբողջ աշխարհում շատ բարձր չէ, դրա համար ավելի խոցելի են երեխաները: Տարբեր հետազոտություններ կան, համաձայն որոնց՝ «Օմիկրոնն» ախտահարում է վերին շնչուղիները՝ քիթը, կոկորդը, որի հաշվին արտազատումը վերին շնչուղիներից ավելի շատ է, իսկ դրանով բացատրվում է նաև բարձր վարակելիությունը: Ու մաքսիմում բարդությունը բրոնխիտն է»։
Արմինե Նիկողոսյան