Ձիաուժ. իսկ ո՞րն է էտալոն համարվող «ձին». «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Փաստ» օրաթերթը գրում է
Ձիաուժը հզորության արտահամակարգային հին միավոր է։ Այն մտցվել է 18-րդ դարում և շարունակում է կիրառվել տեխնիկայի որոշ բնագավառներում (ավտոմոբիլաշինություն, տրակտորաշինություն)։ Գոյություն ունեն ձիաուժի տարբեր չափանիշներ և տեսակներ։ Ձիաուժի ամենատարածված չափը, որը հիմնականում օգտագործվում է էլեկտրատեխնիկայում, հավասար է 745,699872 վատտի։ Մի շարք երկրներում 1 ձիաուժը հավասար է 735,499 վատտի, ԱՄՆ -ում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում՝ 745,7 վատտի։ Ձիաուժը հզորության հաշվարկման աբստրակտ միավոր է: Առաջին հերթին՝ պարզ է միանգամայն, որ թեկուզ ձիուց ձի տարբերություն կարող է լինել, իսկ, ինչպես գիտենք, յուրաքանչյուր չափման միավոր պետք է ունենա նաև իր էտալոնը, այսինքն՝ այս դեպքում՝ էտալոնային ձին, որն, իհարկե, չկա: Բացի այդ, օրինակ՝ նույն լուծի տակ գտնվող 4 ձիու հզորությունը այնքան է, ինչքան ունի 3 ազատ ձին, իսկ լծված 8 ձիունը հավասար է 4 ազատ ձիու ուժի և այսպես շարունակ՝ ինչքան շատ կենդանի է օգտագործվում, այնքան նկատվում է օգտակար գործողության գործակցի անկում: Ձիաուժ միավորը մոտավորապես 1789 թվականին օգտագործման մեջ է մտցրել շոտլանդացի ինժեներ Ջեյմս Վատտը ՝ ջերմային շարժիչների և բեռնաքարշ ձիերի հզորությունները համեմատելու համար:
Պատմում են, որ Վատտի առաջին շարժիչներից մեկը գնել է ինչ-որ գարեջրագործ, որպեսզի նրանով փոխարինի ջրի պոմպը աշխատեցնող ձիուն: Ըստ տարածված լեգենդի, գարեջրագործը որոշում է խաբեություն անել և, ընտրելով ամենադիմացկուն և ուժեղ ձիուն, ստիպում է նրան աշխատել ուժերի գերլարումով: Վատտի մեքենան անգամ այս դեպքում է գերազանցել ձիուն: Այսպիսով, մեկ ձիաուժի էտալոն դարձել է հենց Վատտի ստեղծած այդ շոգեշարժիչը, չնայած համարվում է, որ ձիու՝ երկարատև ժամանակում զարգացրած հզորությունը մեկ ու կես անգամ պակաս կլիներ Վատտի շոգեմեքենայի հզորությունից:
Բրիտանիայի գիտական ասոցիացիաների երկրորդ գիտական կոնգրեսի ժամանակ 1882 թվականին ընդունվել է նոր հզորության միավոր՝ վատտը, կոչված ի պատիվ հենց նույն Ջեյմս Վատտի՝ առաջին շոգեմեքենայի ստեղծողի: Մինչև դա որպես հզորության միավոր օգտագործվում էր Վատտի կողմից մտցված ձիաուժը: Տարբեր են ոչ միայն ավտոմեքենաների շարժիչների հզորության չափման միավորները, այլ նաև դրանք չափելու մեթոդները, որոնք տալիս են տարբեր արդյունքներ: Եվրոպայում ընդունված ստանդարտ մեթոդը կիլովատտերն են: Եթե հզորությունը ներկայացված է ձիաուժերով, ապա սրա վերածումը կիլովատտերի տարբեր երկրներում տարբեր արդյունքներ կտա: ԱՄՆ-ում և Ճապոնիայում շարժիչի հզորության հաշվարկման երկու այլ միավոր է օգտագործվում: Նշենք, որ նախկինում Եվրոպական երկրներում ընդունված էր տրանսպորտային միջոցների գույքահարկ հավաքել ըստ շարժիչի հզորության՝ հաշվարկած ձիաուժերով: Իհարկե, այդ ամենը հետագայում փոխվել է, օրինակ՝ 1940-ականներին Մեծ Բրիտանիայում սկսել են գույքահարկ հավաքել՝ կապված մեքենայի չափերից, Ֆրանսիայում ձիաուժի փոխարեն սկսել են օգտագործել կիլովատտերը և այլն: Սակայն որոշ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, դեռևս ձիաուժերով են հաշվարկներ կատարվում:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



















































