«Պարզապես հրաշալի աշխատող» կրակայրիչ․ «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Փաստ» օրաթերթը գրում է
Ծխողների մեծամասնությունը մեր օրերում նախընտրում է օգտագործել կրակայրիչներ, քան լուցկի: Ըստ վիճակագրության, կրակայրիչների մեջ առաջատար դիրքը պատկանում է ZIPPO - ին: Թվում է՝ ինչը կարող է վառիչի մեջ բարդ լինել, պարզ մեխանիզմ է, բայց այդ մեխանիզմն էլ հենց երաշխիք է դարձել ընկերության հաջողության ու հանրաճանաչության համար: ZIPPO կրակայրիչները շատ հուսալի են և լայն ժողովրդականություն են վայելել: Կրակայրիչները մեծ տարածում են գտել անցյալ դարի 30-ական թվականներին Ամերիկայում:
Իսկ առաջինը, ով զբաղվել է դրանց մասսայական արտադրությամբ և սկսել ZIPPO կրակայրիչների պատմությունը, Փենսիլվանիայի բնակիչ Ջորջ Գրանթ Բլեյզդելն է: Նա ZIPPO կրակայրիչները շուկա է մտցրել 1932 թվականին, և չնայած դրանք հայտնի են դարձել հիմնականում Ամերիկայում, այն հորինվել է Ավստրիայում: Ավելի ստույգ, հենց այստեղ է հորինվել ու մետաղի մեջ «շունչ ստացել» ներկայումս բոլորին լավ հայտնի ZIPP»-ի մեխանիզմը: Բլեյզդելի ձեռքը կրակայրիչի նախատիպն ընկել էր իր ընկերոջից, որը երեկույթի ժամանակ սիգարետը կպցնելու համար Ջորջին կրակ էր տվել արտաքինից ոչ այնքան արտահայտիչ իր վառիչից:
Իսկ Ջորջի այն հարցին, թե ինչու է ընկերն օգտագործում այդպիսի ոչ գրավիչ իր, վերջինս պատասխանել էր, որ «այն պարզապես հրաշալի է աշխատում»: Այս արտահայտությունը հավիտյանս մնաց Ջորջ Բլեյզդելի հիշողությունում: Եվ իսկապես, ZIPPO կրակայրիչը նույն կերպ հրաշալի է կատարում իր աշխատանքը թե՛ սառնամանիքի կամ անձրևի և թե՛ ուժեղ քամու պայմաններում: Ի սկզբանե, կրակայրիչի անունը, որի ներքո նախատեսվում էր այն վաճառել Ամերիկայում, եղել է Zipper, որը թարգմանվում է որպես «շարժունակ» կամ շարժուն մարդ: Սակայն շուտով պարզվել է, որ այդ ապրանքային նշանն արդեն իսկ օգտագործվում է, և Բլեյզդելը փոքր-ինչ շտկել է անունը՝ ստանալով ZIPPO: Նրա կողմից Ավստրիայում գնված կրակայրիչների առաջին խմբաքանակը շուկայում պահանջարկ չի ունեցել անհարմար ձևի և կափարիչի պատճառով: Այս թերությունները վերացնելու համար Բլեյզդելը հնարավորինս պարզեցրել է արտադրանքի ձևը, որի շնորհիվ այն սկսել է նմանվել լուցկու տուփի:
Կափարիչի հետ ամեն ինչ ստացվել է հակառակ ճանապարհով: Դրա ծայրին տեղադրվել է ռոտացիայի առանցք, ինչը հնարավորություն է տալիս բացել այն միայն մեկ ձեռքի օգնությամբ: Նման դիզայնը և օգտագործման ձևը դուր է եկել սպառողներին: Այնուամենայնիվ, պարզ է, որ առանց գովազդի մեծաքանակ վաճառք իրականացնելն անիրական է: ZIPPO-ի գովազդային արշավը մտել է պատմության մեջ, և բազմաթիվ համալսարանների դասախոսներ դա որպես շուկայում արտադրանքի առաջ մղման լավագույն փորձի օրինակ են ներկայացնում: Օրինակ՝ որպես փիառ քայլ որոշում է կայացվել կրակայրիչներին անսահմանափակ երաշխիք տալ: Այսինքն, այն ենթակա է անվճար վերանորոգման՝ անկախ գնման ամսաթվից և վայրից: Ներկայումս ZIPPO կրակայրիչների տեսականին հսկայական է:
Կան ինչպես մատչելի բյուջետային տեսակներ, այնպես էլ շքեղ, թանկարժեք տարբերակներ: Կրակայրիչների արտադրության մեջ օգտագործում են քրոմացված պողպատ, լատուն, արծաթ և նույնիսկ ոսկի: Ներկայումս դրանք ոչ միայն թույլ են տալիս կրակ ստանալ, այլ նաև ցույց են տալիս դրա սեփականատիրոջ կարգավիճակը և ընդգծում նրա անհատականությունը: Որպես զարդարանք՝ վաճառվում են նաև ռետինից, պլաստմասայից, թանկարժեք փայտանյութից և այլնից պատրաստված կրակայրիչների պատյաններ և տուփեր: Մինչ այժմ ZIPPO կրակայրիչները հանդիսանում են հուսալիության և որակի օրինակ: Այդ կրակայրիչների արտադրության ողջ պատմության ընթացքում դրանց վաճառքի ծավալները գերազանցել են 500 միլիոն հատը:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում