Իսկ ինչի՞ է ընդհանրապես պետք սիգարետի տուփը. «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Փաստ» օրաթերթը գրում է
Սիգարետի տուփը պինդ ստվարաթղթե փաթեթավորում է և սովորաբար նախատեսված է 20 սիգարետի համար: Իհարկե, կան նաև հատուկ տուփեր, որոնք պարունակում են 10, 25 կամ այլ քանակի սիգարետներ, բայց, որպես կանոն, դրանք ավելի շուտ շեղումներ են, քան օրինաչափություն: Մարդիկ, ովքեր ծխում են, դժվար թե մտածեն, թե ինչու են դրանք արտադրվում նման տեսակի տուփերով: Փորձենք հասկանալ ժամանակակից ծխախոտային տուփ ստեղծելու պատմությունը: Ճշմարտությունն այն է, որ գովազդն է առաջ մղում զարգացումը:
«Marlboro» ընկերության ղեկավարությունը նույնպես դա լավ գիտակցել է, քանի որ փնտրել է իր ծխախոտի արտադրանքի վաճառքը մեծացնելու ուղիներ: Նախկինում սիգարետները փաթեթավորվել են փափուկ տուփերի մեջ: Նման դեպքում ծխողներին պետք չէր պայուսակից կամ գրպանից հանել ամբողջ տուփը ծխելու համար, քանի որ այն հեշտությամբ կարելի էր հանել առանց տուփը գրպանից հանելու:
Ելնելով դրանից՝ ընկերությունը որոշել է ստեղծել ծխախոտի տուփի նոր դիզայն, որը կոչվում է «flip- top» (սիգարետը տուփից հանելու համար պետք է բացել տուփի կափարիչը, ապա փակել): Ծխողը այս դեպքում ստիպված է ամեն անգամ ծխելու համար գրպանից հանել ամբողջ տուփը և դրանով իսկ ցույց տալ իր նախընտրած ապրանքանիշը և նման կերպ գովազդել այն: Այսպիսով, «Marlboro» ընկերությունն սկսել է իր գովազդային համաշխարհային արշավը: Անցել են տարիներ, և մարդիկ ընտելացել են ծխախոտի տուփի այդ նոր դիզայնին:
Ի դեպ, «Marlboro»- ն որոշել է կրկին փոխել փաթեթավորումը, բայց չի հասցրել դա անել: «Բրիտիշ ամերիքըն տոբակո» ընկերությունը, որը երկար տարիներ մրցակցել է «Marlboro»- ի հետ, ստեղծել է իր տուփը նոր բրենդային ծխախոտի՝ Dunhill -ի համար: Իր ստեղծած տուփը անվանելով «խյումիդոր», այսինքն՝ այնպես, ինչպես կոչվում է սիգարների պահման տուփը, ընկերությունը, կարծես թե, շեշտել է իր ծխախոտի բարձր որակը: Իհարկե, բացի արդեն սովորական դարձած սիգարետների տուփերի այս տեսակներից, կան նաև օրիգինալ տեսակներ, օրինակ՝ փայտից, կամ էլ մետաղից, բայց սովորաբար դրանք բացառություններ են և ներկայումս էլ ամենատարածվածները «fliptop»-ն ու «խյումիդորներն» են:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



















































