Արագաչափն ի սկզբանե ստեղծվել էր հակառակ նպատակով. «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Փաստ» օրաթերթը գրում է
Արագաչափերը նպատակ ունեն դանդաղեցնել ավտոմեքենաների արագությունը, կարգավորել երթևեկությունը և ճանապարհներին արձանագրել ավտոմեքենաների արագության գերազանցումները։ Սա այսօր հայտնի է բոլորին, ավելին՝ արագաչափերը վաղուց անպարտաճանաչ վարորդների համար «գլխացավանք» են դարձել: Իսկ ե՞րբ են դրանք ստեղծվել: Նախ՝ նշենք, որ ի սկզբանե արագաչափերը բացարձակապես հակառակ նպատակ են հետապնդել, այն է՝ արագացնել մեքենայի ընթացքը և թույլ չտալ արագության անկում։ Արագաչափը հայտնագործել է հոլանդացի ինժեներ Մորիս Գոտսոնիդեսը։
Բանն այն է, որ նա չէր հանդիսանում անվտանգ երթևեկության համար պայքարի առաջամարտիկ, ավելին՝ Եվրոպայի առաջին պրոֆեսիոնալ ավտոարշավորդն էր։ Նրա կարիերայի գագաթնակետը եղել է հաղթանակը ՄոնտեԿառլոյի ավտոմրցույթում, երբ նա իր «Ֆորդ զեֆիրայով» գրավել էր առաջին տեղը՝ ամբողջ երեք վայրկյանով առաջ անցնելով մնացած ավտոարշավորդներից։ Ներկայումս այնքան հանրահայտ և վարորդների համար ատելի արագաչափը Գոտսոնիդեսը ստեղծել է այն պատճառով, որ ցանկանում էր իր մեքենայի արագությունը բարձրացնել շրջադարձերում։ Առաջին «արագաչափը» իրենից ներկայացնում էր ճանապարհին ուղղահայաց ձգված երկու ռետինե ժապավեն, որոնք արձագանքում էին անվադողերի ճնշմանը։ Երբ մեքենայի անիվներն անցնում էին առաջին ժապավենի վրայով, միանում էր վայրկենացույցը, իսկ երկրորդով անցնելիս՝ անջատվում։
Արդյունքում դա ճշգրտորեն ֆիքսում էր մեքենայի արագությունը, իսկ ավտոարշավորդի նպատակն էր, որ կրճատի առաջին ժապավենից երկրորդին անցնելու ժամանակահատվածը։ Ավելի ուշ Գոտսոնիդեսը կատարելագործել է իր սարքը՝ ժապավեններին ավելացնելով ֆոտոլույսով լուսանկարչական ապարատ։ Լուսանկարը ցույց էր տալիս, թե էլ ինչքան կարելի է ավելացնել արագությունը այդ շրջադարձի հատվածում՝ այն անցնելով տարբեր հետագծերով։ Սա էլ քիչ էր, հանկարծ Գոտսոնիդեսի ուղեղն է մտել այն միտքը, որ կարելի է իր ստեղծած արագաչափը այլ կերպ օգտագործել, օրինակ՝ «որսալ» ճանապարհներին մեծ արագություններ զարգացնելու սիրահար ավտոսիրողներին։ 1958 թվականին նա հիմնադրել է «Gatsometer BV» ընկերությունը և հաջորդ 20 տարում կատարելագործել իր հայտնագործած արագաչափը։ Արդյունքում 1971 թվականին ռետինե ժապավենները փոխարինվել են ռադարային սարքով։ Ներկայումս այդ ընկերության ստեղծած «Գատսո 24»-երը տեղադրված են ավելի քան 40 երկրի ավտոճանապարհներին։
Մեծ Բրիտանիայում առաջին «Գատսոն» տեղադրվել է 1988 թվականին՝ Նոտինգհեմի խաչմերուկներից մեկում արձանագրված ցավալի ճանապարհատրանսպորտային պատահարից հետո, որը բերել էր երեք անձի մահվան։ Ներկայումս Բրիտանիան առաջատարն է եվրոպական երկրներում արագաչափերի քանակով, դրանց թիվը գերազանցում է, օրինակ՝ Ֆրանսիայում և Իտալիայում տեղադրված արագաչափերի գումարային թվին։ Իսկ արդյո՞ք արագաչափերը օգուտ են տալիս։ Մեծ Բրիտանիայի օրինակով ասենք, որ, ըստ վիճակագրության, տրանսպորտային հոսքերի ընդհանուր միջին արագությունը արագաչափեր տեղադրված հատվածներում անկում է ապրում 6 %-ով, իսկ լուրջ ՃՏՊ-ների դեպքում մահերի և ծանր վնասվածք ստացածների թիվը՝ 42 %-ով։ Իրականում պետք է ընդունել, որ ՃՏՊ-ների առաջացման գործում խիստ կարևոր պահերից մեկն էլ հենց արագության գերազանցումն է։
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



















































1
Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
2
6-րդ հարկից երեխայի հետ ընկած կինը բլոգեր Օվսաննա Սողոյանն է
3
Երեխայի հետ 6-րդ հարկից նետված կնոջ վերջին գրառումը
4
«Տեղի որոշ հատվածներում Ադրբեջանի զինված ուժերը հետ են գնացել»․ Սյունիքի մարզպետ
5
Արցախից 18 բուժառու է տեղափոխվել Հայաստան՝ Կարմիր խաչի միջնորդությամբ
