Երևանում 27-ամյա վարորդը Toyota Corolla-ով Մաշտոցի պողոտայում բախվել է գովազդային վահանակին, ապա կայանված Mazda-ին, Mazda-ն էլ՝ Honda-ին. կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:15-ի սահմանում Երևանի բնակիչ, 27-ամյա Հարություն Հովհաննիսյանն իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mazda մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով, բախվել է կայանված Honda մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանը: Օպերատիվորեն ժամանել են նույն գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Արթուր Մանուկյանն ու Ալբերտ Թումանյանը:
Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Ա. Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հիվանդանոցում վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: