Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«83 օր աչքս ճամփին սպասում էի, որ երեխես տուն է մտնելու. գնալով ավելի սարսափելի է դառնում, ցավն ավելի ու ավելի է ուժեղանում»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նարեկը երկուսուկես ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Սկզբում «Մարտունի 2»-ում էր: «Կարանտին էր, ուզում էի գնալ իր մոտ, բայց չէին թույլատրում: Այնտեղ նաև երդման արարողությունն է տեղի ունեցել, այդ օրն էլ ներկա չենք եղել: Ինքն էլ ասաց՝ մամ, որևէ մեկի ծնողին չեն թողնում: Այնտեղից Նարեկիս տեղափոխեցին Հադրութ, պետք է այնտեղ ծառայեր»,-այսպես է Նարեկի մայրիկը՝ տիկին Կարինեն, արձագանքում իմ առաջին ճշտող հարցերին՝ որդին ժամկետայի՞ն զինծառայող էր, որտե՞ղ էր ծառայել:

Իսկ հետո արդեն հարցերը 18 գարուն ապրած տղայի մանկության ու պատանեկության, երազանքների ու առօրյայի մասին են: Չէ՞ որ մինչև պատերազմը տղաներից յուրաքանչյուրը կյանք է ապրել՝ լի նպատակներով ու երազանքներով, ընտանիքին տրված խոստումներով: Մայրիկի խոսքով, Նարեկի մեծանալը մի տեսակ չի զգացել, այնքան խելոք էր ու հանգիստ, միայն ուտում ու քնում էր: «Հարազատները գալիս էին, ասում՝ կլինի՞ մի օր գանք, արթուն լինի, մի քիչ սիրենք: Մի փոքր շրջան մանկապարտեզ է հաճախել, առանց ինձ չէր կարողանում մնալ: Իսկ հետո դպրոց գնաց՝ մեկ տարի ուշ, իրենց դասարանում բոլորից մեկ տարով մեծ էր: Սովորել է Մ. Գորգիսյանի անվան 158 միջնակարգ դպրոցում: Իմ խելացի տղան կարող էր ավելի լավ սովորել, բայց, ինչպես ուսուցչուհին էր ասում, երբեմն ծուլանում էր: Խենթանում էր ՆԶՊ առարկայի համար, միջոցառումներ էին կազմակերպում, զենքը քանդում և հավաքում էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Կարինեն:

Իննամյա կրթությունն ավարտելուց հետո ցանկանում էր վարսավիր դառնալ: «Պետք է քոլեջում սովորեր և աշխատեր: Բայց հետո մեր բարեկամներից մեկն աշխատանք առաջարկեց ՌԴ-ում, այս դեպքում ուղղությունը խոհարարությունն էր, ինչի հանդեպ ևս անտարբեր չէր: Մի քանի ամիս աշխատեց այնտեղ որպես խոհարար, հմտացավ, սերն էլ ավելացավ: Բայց վերադարձավ, կարոտը չէինք կարողանում հաղթահարել, չնայած ամեն օր հեռախոսով խոսում էինք: Ամեն անգամ հարցնում էր՝ մամ, զինկոմիսարիատից չեն զանգե՞լ: Բոլոր ստուգումներն անցել էր, մնացել էր միայն վերջինը, իսկ հետո պիտի զորակոչեին բանակ»,-երկու տարի առաջվա իրադարձություններն այսօրվա նման վերհիշում է մայրիկը:

Նարեկը մեջքի կորություն է ունեցել, մայրիկին ասել է՝ չմիջամտես, եթե հիմա պետք է գնամ բանակ, ուրեմն կգնամ: Տիկին Կարինեն մտածում է՝ իսկ գուցե բուժում նշանակեին, գուցե ինչ-որ բան փոխվեր, գուցե… Ծնողներից շատերն են հիմա իրենք իրենց հարց տալիս՝ իսկ գուցե պետք է որդուն համոզեին կամավոր չմեկնել մարտադաշտ, եթե առողջական փոքրիկ խնդիր ունեցող տղայի զորակոչվելը մի քանի ամսով էլ հետաձգեի՞ն... ՌԴ-ից վերադառնալուց հետո Նարեկն այստեղ ևս աշխատել է: «Իմ երեխան չի, որ գովում եմ: Ցանկացած մեկը կասի՝ խելացի էր, հարգանքով: Արագ հմտացավ խոհարարության մեջ»,-ասում է մայրիկը, ում Նարեկն ավելի հաճախ «մերս» էր ասում: «Մե՛րս, կգնամ բանակ, կգամ, ավելի կհմտանամ իմ գործում, իմը կստեղծեմ:Անգամ նոր իրեր իր համար չէր գնում՝ գնամ բանակ, գամ, նոր կառնեմ: Ամեն ինչ զինծառայության հետ էր կապում, բոլոր նպատակներն ու երազանքները բանակից հետո պետք է իրականություն դառնային»,-հավելում է նա:

Հադրութում ծառայող Նարեկը շատ գոհ էր զինծառայությունից, օրապահ էր կանգնել, «պալիգոններ» գնացել: «Մե՛րս, ծառայեմ, պարտքս տամ, գամ: Իսկ հետո սկսվեց պատերազմը: Գուցե տարօրինակ հնչի՝ մի տեսակ չէի պատկերացնում, որ Նարեկս պատերազմի մեջ է: Հետո արդեն ինձ իրենց սերժանտը՝ Նիկոլայն է պատմել, որ Հադրութից դուրս գալուց մի քանի օր շրջափակման մեջ են մնացել, զինվորներին մի պահ բունկերում են պահել: Հետո իրենց հրամանատարն է զոհվում: Նարեկի աչքի առաջ է եղել, մեր բարեկամներին Նարեկն ասել էր, որ իրենց վաշտից երևի հաշված տղաներ են ողջ մնացել: Մերոնց պատմել էր, բայց ասել՝ մամային հանկարծ չասեք»,-նշում է զրուցակիցս:

Հրամանատարի և ծառայակից ընկերների զոհվելուց հետո Նարեկն ու էլի մի քանի տղա տարբեր տեղերում են լինում՝ Ասկերան, Ֆիզուլի, Մարտունի 2, Խնձորեստան և այլուր. «Նարեկս 42 օր կռիվ է տվել, կապի մեջ էր մեր հետ, ժպիտով էր արձագանքում մեր հարցերին, կարծես պատերազմի դաշտում չլիներ: Իրեն ասում էի՝ էս ի՞նչ էկավ գլխիս, ինչի՞ թողեցի գնացիր: Պատասխանում էր՝ ես չգայի ծառայության, մյուսը չգար, բա ո՞վ էր ձեր համար կռվելու ու ձեզ պաշտպանելու: Մե՛ր ջան, ամեն ինչ լավ ա լինելու, չմտածես»: Նոյեմբերի 4-ին Նարեկին ու էլի շատ տղաների տանում են Շուշի: «Նոյեմբերի 5-ին Շուշիում Նարեկին և չորս զինծառայողի մեդալներ են տալիս՝ մարտական առաջադրանքները ճիշտ կատարելու համար: Զանգեց՝ մա՛մ, մեդալն ինձ համար սովորական մի բան է, բայց քեզ ասում եմ, որ հպարտանաս, քեզ լավ զգաս: Նոյեմբերի 6-ին երևի կեսօրին խոսեցինք: Ձայնի մեջ տխրություն կար: Հետո երեկոյան զանգեց, իմ ու քույրիկի հետ խոսեց: Բոլորի՝ ընկերների ու հարազատների հետ խոսել էր: Նոյեմբերի 7-ին Շուշիում նորից մարտեր էին սկսվել: Որդուս զոհվելու լուրը ծառայակից ընկերը՝ Ալիկը, բերեց, նա էլ կանտուզիա էր ստացել: Չէինք հավատում, հարցեր էինք տալիս իրեն, ճշտումներ անում, բայց չէինք հավատում, որովհետև երեխուս չէինք գտնում: Բայց Նարեկս Ալիկի աչքի առաջ էր զոհվել: Նարեկիս 83 օր հետո ենք գտել: 83 օր բազմոցին նստած, աչքս ճամփին, սպասում էի, որ երեխես տուն է մտնելու»,-ասում է մայրիկը:

Ինձ մոտ հարցեր չէին մնացել, բայց տիկին Կարինեն որդու ծառայակից ընկերներին խնդրել է՝ ամեն ինչ պատմեք, շատ ուժեղ կլինեմ, կդիմանամ: Նարեկի հետ ծառայած տղաներից մեծ մասը զոհվել է, ընկերներից Հարութի հետ են կապ պահում: «Նիկոլայն է պատմել՝ նահանջի հրաման են տվել, ճանապարհ է բացել, որ անտառով դուրս գան տղաները: Ասում է՝ ոչ մեկդ չի պատկերացնում, թե առհասարակ ինչ էր կատարվում պատերազմի դաշտում: Առջևից գնալիս ականջին գոռոցներ են հասնում՝ Նարեկ Դավթյանին խփել են, Նարեկը չկա: Վիրավորներ են ունեցել, Նարեկն ու մի քանի տղա նրանց են օգնել, որ չթողնեն այդտեղ, բայց, ավաղ, բոլորն են զոհվել՝ թե՛ վիրավորները, թե՛ նրանց օգնության հասածները: ԱԹՍ-ի բեկորը խլել է Նարեկիս կյանքը»,ասում է տիկին Կարինեն: Նարեկին հարազատները ճանաչում են սոցցանցերից մեկում ադրբեջանցիների տեղադրած նկարներով: 83 օր անց Նարեկը տուն է «վերադառնում»: ԴՆԹ անալիզ է արվում, սակայն, մայրիկի խոսքով, Նարեկի մարմինը՝ ճանաչելի, իսկ գրպանում զինվորական գրքույկն ու տիկին Կարինեի ուղարկած գումարն է եղել: Նարեկը Եռաբլուրում է, մայրիկն ու քույրիկը, ցավը մեկտեղած, շարունակում են ապրել: «Նարեկն իմ աստվածն է, հրեշտակն է: Ասել, որ հիմա անհնար է դարձել ապրելը, նշանակում է ոչինչ չասել: Հիմա թոռնիկովս եմ ապրում: Դավիթս երեք տարեկան է, ինձ հիշեցնում է Նարեկիս մանկությունը: Մեր ընտանիքի ուրախությունն է, ապրելու հույսը: Եթե Դավիթը չլիներ, երևի թե վաղուց ես էլ չէի լինի»,-հավելում է նա:

Տիկին Կարինեն կյանքին կապող թելը չկտրելու համար որդու մահվանից ամիսներ անց որոշել է աշխատել, որ գոնե ինչ-որ կերպ ցրի անտանելի ցավ պատճառող մտքերը: Բայց չի ստացվել, չի կարողացել: «Առողջական խնդիրներս ավելի են շատացել: Դեռ երկու տարի առաջ քիչ էր մնում ավտովթարի հետևանքով մահանայի: Նարեկս այդ օրերին իմ հետ հավասար տանջվեց հիվանդանոցներում: Անընդհատ ինձ ծաղիկներ՝ վարդեր էր բերում, գիտեր, որ շատ եմ սիրում, հոգ էր տանում իմ մասին: Ոչ մի օր ոչ մի տեղ իր պատճառով գլուխս կախ ման չեմ եկել: Չեմ կարողանում համակերպվել, ոչ մի վայրկյան ուղեղից դուրս չի գալիս, ամեն քայլափոխի իրեն եմ փնտրում: Գնալով ավելի սարսափելի է դառնում, ցավն ավելի ու ավելի է ուժեղանում»,-եզրափակում է տիկին Կարինեն:

Հ. Գ. Նարեկ Դավթյանը Արցախի նախագահի հրամանով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Армения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении