Yerevan, 19.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մեր երկիրն աղքատացավ, լուսավորները գնացին, մենք մնացինք խավարի մեջ. Վանիս զոհվելուց հետո չենք ապրում, պարզապես շնչում ենք». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Վան Ասլանյանն Արարատի մարզի Շաղափ գյուղից էր: Դեռ փոքրուց առույգ ու ժիր տղան անսահման սեր ուներ դեպի սպորտը, դպրոցում աչքի էր ընկնում բարձր առաջադիմությամբ:

«Վանս բոլորի համար է ամենալավը, ոչ միայն իմ: Ազնիվ էր ու բարի, ընկերասեր: Միշտ օգնում էր իրենից թույլերին, պաշտպանում, թույլ չէր տալիս, որ նեղացնեն: Աչքի է ընկել իր լավագույն հատկանիշներով: Երեք որդիներիցս կրտսերն է Վանս: Աշխարհի ամենաերջանիկ ծնողներն ենք, որ նման երեխաներ ենք ունեցել: Միշտ գովեստի խոսքեր ենք լսել նրանց մասին, երբեք գլուխներս կախ ման չենք եկել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Վանի մայրիկը՝ տիկին Մելանյան: Վանի հետաքրքրությունների շրջանակը սպորտի շուրջ էր՝ բռնցքամարտ, ֆուտբոլ, խառը կարատե: Մայրիկի բնորոշմամբ՝ որտեղ սպորտ կար, Վանն այնտեղ էր:

«Շատ մեդալներ ու պատվոգրեր ունի, առաջին ու երկրորդ տեղեր է զբաղեցրել տարբեր մրցաշարերում: Իրեն ամենից շատը սկսել էր հետաքրքրել ֆուտբոլը»,-հավելում է նա: Երբ գալիս է ծառայության մեկնելու ժամանակը, Վանը ցանկանում է ԴՕՍԱԱՖ ընդունվել՝ ավտոդպրոց. «Այնտեղ պարզեցին, որ Վանը սրտի հետ կապված խնդիրներ ունի, թույլ չտվեցին ավտոդպրոցում սովորել: Մի քանի անգամ ստուգումների ենք գնացել: Սրտի խնդրի պատճառով կարող էր ավելի ուշ մեկնել ծառայության, անգամ ազատվել: Բայց Վանս կտրականապես մերժեց՝ եթե հանկարծ ինչ-որ բան անեք, տնից կփախչեմ, կամավոր կգնամ զինծառայության: Պետք է ծառայեմ»: Մայրիկն ասում է՝ ծառայության հանդեպ այս մղումը, հայրենիքի հանդեպ սերն իր մեջ միշտ է եղել: «Մի տեսանյութ ունի ընկերների հետ, երևի 14 տարեկան կլինի, ասում է՝ երբեք Շուշին թուրքին չենք թողնի: Այդ տեսանյութը մեզ իր ընկերն է փոխանցել, այն միայն վերջերս ենք տեսել: Միշտ ասում էր՝ կծառայեմ, իմ անունը կլսեք: Մեծ տղաս էլ է Արցախում ծառայել, ծառայության մեկնեց, Քառօրյա պատերազմի օրերին Շուշիում էր: Երբ զորացրվեց, Վանս ասում էր՝ ես կծառայեմ, դուք կլսեք, թե ծառայելն ինչպես է լինում: Ինչո՞ւ էր այդպես ասում… Շատ էր սիրում Հայոց պատմությունը: Երբ փոքր ժամանակ իր համար գիրք էի կարդում, ստիպում էր ֆիդայինների մասին կարդալ՝ Անդրանիկի, Գևորգ Չաուշի, սիրում էր Մոնթեին, հպարտանում էր նրանով»:

2020 թ.-ի հունվարի 13-ին մեկնեց ծառայության: «Մեկ օր անգամ չի տրտնջացել ծառայությունից: Հիշում եմ՝ մի անգամ հարցրեցի՝ սնունդը ո՞նց է, ասաց՝ մամ, էլ նման հարց չտաս: Զանգել ես, հարցրու՝ ոնց եմ, ինչ կա, չկա: Ամեն ինչ շատ լավ է: Հրաշալի ընկերներ ուներ, ծառայության ընթացքը շատ լավ էր անցնում»: Ծառայության հենց առաջին օրերին Վանն աչքի է ընկնում: «Մի սերժանտ ասել էր՝ քեզ պետք է հետախուզական վաշտ տանեմ: Ամուսինս խորհուրդ տվեց՝ բարդ է հետախույզի գործը, հրաժարվի՛ր: Զորակոչվելուց վեց ամիս անց զանգահարեց՝ ինձ ուղարկում են Հոկտեմբերյան, սերժանտական կուրսերի: Զարմացանք, քանի որ, սրտի խնդիրը պատճառ բերելով, ավելի վաղ իրեն մերժել էին: Վանին տղաներից Հայկ Կիրակոսյանն էր ընտրել: Հայկն էլ է զոհվել»,-որդու ծառայության օրերն է վերհիշում մայրիկը:

Մի քանի օր հետո Վանը ծնողներին ասում է, որ Հոկտեմբերյան չի գալիս, արդեն սերժանտի կոչում են տվել, հետո արդեն՝ դիրքի ավագ: «Չգիտեմ էլ, թե ինչպես է իրեն դրսևորել, որ այդքան աչքի է ընկել: Իր ընկերներից Ենոքը, որը հրաշքով է ողջ մնացել, պատմում է՝ Վանի վաշտը Հադրութի ամենակարգապահ վաշտերից մեկն էր»: Պատերազմի մասին: «Սեպտեմբերի 26-ին դիրքերից իջել էր, զանգեց տուն՝ պա՛պ, կարո՞ղ ես 5000 դրամ փող ուղարկել: Ամուսինս միշտ 20 հազար դրամի չափով ուղարկում էր, գուցե պետք գար: Զարմացավ, որ այդքան քիչ ուզեց: Երևի արդեն հասկացել էին, թե ինչ է կատարվում, այդ գումարն այդպես էլ չի ծախսել: Սեպտեմբերի 26-ի երեկոյան տղաներին Ֆիզուլի էին տարել: Սա արդեն ուրիշներից ենք իմացել, Վանս որևէ բան մեզ չի ասել: Հետո ենք արդեն իմանում, որ տղաներն առաջնագծից էլ առաջ են եղել, 11 դիրք են գրավել: Նկար էլ ունի՝ թուրքի դրոշի վրա կանգնած: Վանիս ընկերներն են շատ բաներ պատմում: Դվինից Գոռս էլի Վանիս հետ է եղել, գալիս-գնում է մեր տուն: Պատմում է՝ տեսել են, թե ինչպես են վարվել մեր գերիների հետ: Վանը բոլորին Հադրութի՝ իրենց դիրքերում կառուցված մատուռում է հավաքել, երդվել են, որ որևէ դեպքում գերի չեն ընկնելու, իսկ հետո նռնակներ է բաժանել բոլորին:

Շատ տանկեր են խոցել, մարտական ուղին կա, մի օր բոլորը կիմանան, թե 18 տարեկան մեր տղաներն ինչեր են արել: Կամավորներից Վոլոդյա Հովհաննիսյանն է պատմում՝ 60 տարեկան հրամանատար եմ եղել, բայց զարմացած էի մեր երեխեքի խիզախությամբ, ոնց էին կռվում թուրքական յաշմայի, հազարավոր տանկերի դեմ: Մեջները կարծես վախ չկար: Այդ օրը Վանիս ընկերներից Մուշի հայրն էլ է դիրքեր բարձրացել: Մուշն էլ է զոհվել: 20 րոպե է տեսել երեխեքին, հետո արդեն դեպքը եղել է: Սեպտեմբերի 30-ի երեկոյան է զոհվել՝ Հադրութի թեժ մարտերի ժամանակ: Մեզ ոչինչ չէր պատմում, բայց գյուղի ընկերներից մեկին ասել էր՝ եթե այստեղից մարդ փրկվի, համարեք, որ հրաշք է եղել, երկնքից քարե կարկուտ է թափվում: Իրենց վաշտից 54 հոգուց, եթե չեմ սխալվում, 17 -ն է ողջ մնացել: Ողջ մնացած երեխեքն ասում են՝ չգիտենք, թե դա ինչ էր, պատերազմ չէր, 11 հոգով կռվում էինք հազարավորների դեմ»:

Որդու զոհվելու մասին ընտանիքն իմացել է հաջորդ օրը՝ հոկտեմբերի 1-ին: «10 օր հետո Վանիս հուղարկավորել ենք: Մեզ դեռ հույս էին տալիս, որ ողջ է: Ամեն տեղ փնտրում էինք, բայց չէինք գտնում, ասում էին՝ այդ անունով տղա իրենց մոտ չկա: Այդ մի քանի օրերի ընթացքում ամուսինս երեք անգամ Արցախ է գնացել: Սեպտեմբերի 30-ին էլ էր գնացել, ամբողջ գյուղն անհրաժեշտ ամեն ինչ հավաքել էր այնտեղ հասցնելու համար: Այդ ապրանքը տարավ, ասաց՝ գնամ Հադրութ, Վանիս կտեսնեմ: Արդեն դեպքը եղել էր, բայց չգիտեինք: Հադրութի զորամասում ասել է, թե որ դիրքեր է ուզում բարձրանալ: Պատասխանել են՝ չեք կարող, գիտե՞ք, թե հիմա տղերքը որտեղ են ու ինչեր են անում»:

Վանի հայրիկը հասկացել էր, որ մինչև այդ օրը որդին խաբել էր, թե ապահով տեղում է, իմացել էր, որ տղերքին Թալիշ ու Ֆիզուլի են տարել, բայց ընտանիքի անդամներին ասել էր՝ ապահով տեղում ենք, սարերի մեջ, մեզ ոչ մի բան չի լինի: «Մեր գյուղից 7-8 հոգի ծառայող ունեինք, երբ պատերազմն սկսվեց: Բոլորն ասում էին՝ Վանից ենք վախենում, գիտե՞ք՝ որ իմաստով՝ անհամբեր է, առաջ կգնա, չի դիմանա, օգնության կնետվի»: Երկու տարուց ավելի է՝ գյուղի փողոցներով Վանը չի քայլում, չի բարևում դրկից հարևաններին, հավերժական հանգիստը գյուղի գերեզմանատանն է գտել՝ տանն ու ընտանիքին մոտ:

«Չենք ապրում, պարզապես շնչում ենք, քայլում՝ մեր երկու տղաների մասին մտածելով: Ամեն ինչ հանուն իրենց ենք անում, բայց ամեն ինչը կեղծ է ստացվում: Մեկ-մեկ ասում եմ՝ դարձել եմ աշխարհի ամենալավ դերասանը, որ կարողանում եմ դեմքիս, հանուն տղաներիս, ժպիտ նկարել: Հիմա արդեն միակ ցանկությունս է՝ Աստված ջան, ինձ այնքան կյանք տաս, որ երկու տղաներիս հասցնեմ իրենց նպատակներին, այդքան կյանք եմ ուզում, ոչ ավելին: Սա ինձ համար արդեն կյանք չի, տառապանք է: Տղաներս լավ ընկերներ էին, իրենց համար էլ է եղբոր կորուստն անտանելի: Մեր երկիրը լուսավոր, տաղանդավոր տղաների կորցրեց: Իմ համար բոլորը Վան են: Մեր երկիրն աղքատացավ: Լուսավորները գնացին, մենք մնացինք խավարի մեջ: Զոհվելուց հետո Վանս մեդալներ էլ է ստացել, բայց ոչինչ աչքիս չի գալիս, հիմա ամեն ինչ այնքան չնչին է թվում»:

Վանի՝ Վան քաղաքը տեսնելու, այնտեղ շրջելու երազանքն, ավաղ, անկատար մնաց:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card! Get 5% cashback on your AMIO digital card!